Home Հիմնական Մարտական դիրքում վիրավորվելու պատճառով Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի...

Մարտական դիրքում վիրավորվելու պատճառով Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատարի պաշտոնից, նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը․ Արցախի նախագահ (տեսանյութ)

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իսկ մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Միքայել Ալբերտի Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ նրան շնորհելով գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։