Home Քաղաքականություն Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը...

Հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան

Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները, որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ որոնողական և ջախջախման գործընթացները շարունակվելու են։

«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, տոկունությանը: Վիճակը ծանր է, մարտերը դաժան,  սաստիկ են, բայց անելանելի չեն»,-ասաց նա և նշեց, որ այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, կանգնած է զինվորի, կամավորականի կողքին․ «այսպիսի ճակատամարտեր շատ են եղել Հայոց պատմության մեջ, վստահ եմ՝ հաղթելու ենք»։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակել է ամերիկյան արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին Ադրբեջանի օդավակայանում կայանված թուրքական F16 կործանիչներ և ապացույցներ կան, թե դրանք ինչպես են կիրառվել: «Մենք Ադրբեջանի սպառնալիքներից չենք զարմանում և չենք վախենում, մենք Ադրբեջանի սպառնալիքները և գործողությունները մեկ ամիս է` տեսնում ենք»,-ասաց նա: