Home Հասարակություն Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի վերին ենթաշրջանը. Ստեփանակերտում նկատվել է ԱԹՍ

Հակառակորդը թիրախավորել է Ասկերանի վերին ենթաշրջանը. Ստեփանակերտում նկատվել է ԱԹՍ

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը, իսկ Ստեփանակերտում նկատվել է անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադեւոսյանը՝ ամփոփելով Արցախի բնակավայրերում տիրող իրավիճակը։

«Ստեփանակերտում ժամը 17։00-ի սահմաններում միացել էր օդային տագնապ ազդանշանը, սակայն շատ կարճ ժամանակ անց այն ավարտվեց։ Մայրաքաղաքի երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք, ամենայն հավանականությամբ հետախուզական,սակայն անվտանգության նկատառումներից ելնելով միացվել էր տագնապ ազդանշանը»,- նշել է Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին թեժ մարտեր են ընթանում Արցախի հարավ-արեւելյան ուղղությամբ։

«Հակառակորդի թիրախի տակ են Ասկերանի վերին ենթաշրջանը՝ Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը»,- ասել է Թադեւոսյանը։

Ինչ վերաբերվում է Մարտակերտի եւ Մարտունու հատվածներին, Թադեւոսյանը հայտնել է, որ այնտեղ համեմատաբար  իրավիճակը հանգիստ է։

«Մեկ-մեկ հնչում են կրակոցներ, բայց ոչ խաղաղ բնակավայրների ուղղությամբ»,- եզրափակել է Թադեւոսյանը։