Home Քաղաքականություն Ոչ մի սարսափելի բան չկա. Հովիկ Աղազարյանը`իշխանական պատգամավորների մանդատները վայր դնելու մասին

Ոչ մի սարսափելի բան չկա. Հովիկ Աղազարյանը`իշխանական պատգամավորների մանդատները վայր դնելու մասին

Ոչ մի սարսափելի բան չկա: Այսպես արձագանքեց իշխանական պատգամավորների մանդատները վայր դնելուն «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է կատարվում խմբակցությունում եւ ինչու են պատգամավորները մեկը մյուսի հետեւից վայր դնում մանդատները:

«Ոչ մի սարսափելի բան չկա այն իմաստով, որ 88 հոգանոց խմբակցությունում հնարավոր չի չլինեն տարաձայնություններ տարբեր հարցերի հետ կապված եւ մեզանից յուրաքանչյուրը ունի իր արժեհամակարգային շրջանակը` մեկինը այդ շրջանակը փոքր է, մյուսինը` այդ շրջանակը մեծ է: Եւ երբ այդ շրջանակի հատույթը ընդհանւոր թիմի արժեհամակարգային շրջանակի հատույթի հետ փոքրանում է, դու պետք է ընտրություն կատարես, կողմնորոշվես` շարունակել քաղաքականությունը այդ թիմի հետ, թե` ոչ: Յուրաքանչյուրը իր համար է գնահատականը տալիս ու կողմնորոշվում, չէ որ եթե դու թիմի անդամ ես, պետք գիտակցես, որ լինելու են երեւույթներ, որոնք քո սրտով չեն լինելու, քո ցանկությամբ չեն լինելու: Այնպես չէ, որ 2 տարվա ընթացքում շատ են եղել մանդատները վայր դնելու դեպքերը»,-ասաց նա:

Աղազարյանի խոսքով` գրեթե չի լինում քիչ թե շատ քաղաքական հնչեղություն ունեցող հարց, որի շուրջ կարծիքները չբաժանվեն. «Ոնց կլինի, որ տարաձայնություններ չլինեն, տարաձայնություններ կան, բայց արժեհամակարգային իմաստով չկան»:

«Իմ քայլ»-ի պատգամավորի խոսքով` իր համար անսպասելի էր Գայանե Աբրահամյանի կողմից մանդատը վայր դնելը, ինչը կապված էր ՍԴ դատավորների ընտրության հարցին. «Չեմ կարծում, որ լուրջ քաղաքական նկատառումներ ունեցող թիմում գտնվելիս նման հարցը կարող է դառնալ այդքան սկզբունքային, առավել եւս, որ դու ընտրության մեջ շատ սահմանափակ ես»: