Home Միջազգային Գերմանիան ավելի քան 1500 միգրանտ կընդունի Լեսբոս կղզու այրված ճամբարից

Գերմանիան ավելի քան 1500 միգրանտ կընդունի Լեսբոս կղզու այրված ճամբարից

Գերմանիան ավելի քան 1500 միգրանտ կընդունի Լեսբոս կղզու այրված ճամբարից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Սթիվեն Սիբերտը, փոխանցում է CNN-ը:

Սիբերտի հայտարարության համաձայն` Գերմանիան 1553 մարդ կընդունի 408 ընտանիքից, ովքեր արդեն փախստականի կարգավիճակ ունեն:

Նա նաեւ նշել է, որ Գերմանիայի կառավարությունը «հանձնառու է եվրոպական հետագա լուծումներին` ընդունող այլ (ԵՄ) անդամ երկրների հետ միասին»:

Սիբերտն ընդգծել է, որ եվրոպական այս որոշման համատեքստում Գերմանիան նույնպես մի կողմում չի մնա` «մեր երկրի չափերին համապատասխան լրացուցիչ ջանքերի» առումով:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Լեսբոս կղզում գտնվող Մորիա միգրանտների ճամբարը ոչնչացել էր մեծ հրդեհի պատճառով: Հրդեհի հետեւանքով անօթեւան է մնացել 13000 փախստական:

Հրդեհի կապակցությամբ ձերբակալվել է հինգ աֆղանցի` երեք մեծահասակ եւ երկու դեռահաս: Կասկածյալներից մեկը դեռ գտնվում է հետախուզման մեջ:

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ առանց մեծահասակների ուղեկցության մնացած 150 անչափահաս փախստական կընդունի: