Home Միջազգային Սեուլ. ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների համատեղ ծրագրերից ոչ մեկը միջուկային զենքի օգտագործում...

Սեուլ. ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների համատեղ ծրագրերից ոչ մեկը միջուկային զենքի օգտագործում չի նախատեսում

Հարավային Կորեան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ իր համատեղ ռազմական ծրագրերից ոչ մեկը միջուկային զենքի օգտագործում չի ենթադրում: Այս մասին հայտարարվել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդի գրքի հրատարակումից հետո: «Զայրույթ» կոչվող իր նոր գրքում Վուդվորդը գրել է, որ ԱՄՆ-ն պլաններ է մշակել Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր զինված դիմակայության դեպքում, այդ թվում` «ԱՄՆ-ի պատասխանը հարձակմանը, որը կարող է 80 մարտական լիցի օգտագործում ներառել»: Գիրքը հիմնված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մի քանի հարցազրույցի վրա, փոխանցում է AFP-ն:

Սեուլի Պաշտպանության դեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ իր համատեղ օպերատիվ ծրագրերը (OPLAN) միջուկային զենքի օգտագործում չեն ներառում`՝ հաստատելով նախագահի վարչակազմի տեսակետը:

Նախագահի խոսնակը հայտարարել էր, որ թերակղզում չպետք է նոր պատերազմ լինի, եւ ուժի ցանկացած կիրառում չի կարող իրականացվել առանց Հարավային Կորեայի համաձայնության: «Ես հստակ կարող եմ ասել, որ միջուկային զենքի օգտագործում մեր OPLAN-ներում գոյություն չունի, եւ անհնար է ռազմական ուժ կիրառել առանց մեր համաձայնության»,- ասել է պաշտոնյան լրագրողներին:

Սեուլի պաշտոնյաներն ասում են, որ գրքում խառնաշփոթ կա, քանի որ վերոհիշյալ OPLAN 5027-ը նախատեսված էր ոչ թե միջուկային պատերազմի, այլ` զորքերի տեղակայման եւ հիմնական թիրախները նշելու համար:

Իրենց երկրները պատերազմի եզրին հասցրած վիրավորանքներով եւ միջուկային սպառնալիքներով փոխանակվելուց հետո 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում աննախադեպ գագաթնաժողով անցկացրեցին:

Սակայն Փհենյանի միջուկային եւ հրթիռային ծրագրերին վերջ դնելու բանակցությունները փակուղում էին հայտնվել անցյալ տարվա սկզբի իրենց երկրորդ գագաթնաժողովից հետո:

Գրքում նշվում է, որ երկու երկրների ղեկավարները շարունակում էին փոխանակվել նամակներով` հաճախ շնորհակալություն հայտնելով նախորդ հանդիպումների համար եւ երբեմն էլ զիջումների կոչ անելով: