Home Միջազգային Լիբանանը հայտարարել է, որ իրենք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ Բեյրութում պայթյունի հետեւանքները...

Լիբանանը հայտարարել է, որ իրենք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ Բեյրութում պայթյունի հետեւանքները հաղթահարելու համար

Լիբանանը չունի բավարար ֆինանսական հնարավորություն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքները հաղթահարելու համար: Այսպիսի կարծիք է հինգշաբթի օրը հայտնել Լիբանանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհեմը՝ Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

«Լիբանանը չունի ֆինանսական հնարավորություններ` պայթյունի հետեւանքները հաղթահարելու համար: Մենք միջազգային հանրությունից օգնություն ենք խնդրում: Պայթյունի հետեւանքով պատճառված վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ է պետք հասցված բոլոր վնասները գնահատելու համար»,- ասել է Նեհեմը:

Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, վերականգնման եւ շինարարական լայնածավալ աշխատանքների սկիզբը դժվար թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ The Wall Street Journal թերթի՝ դա կապված է ներմուծման, այդ թվում՝ շինանյութերի վրա լիբանանյան տնտեսության կողմնորոշման հետ, ինչպես նաեւ այն փաստի հետ, որ պայթյունը ոչնչացրել է առանցքային ենթակառուցվածքային օբյեկտ, որը ծառայում էր ներմուծմանը: