Home Միջազգային Ռուս բիզնեսմենի որդին կդառնա ցմահ պեր եւ կմտնի Մեծ Բրիտանիայի խորհրդարան

Ռուս բիզնեսմենի որդին կդառնա ցմահ պեր եւ կմտնի Մեծ Բրիտանիայի խորհրդարան

The Evening Standard եւ The Independent պարբերականների հրատարակիչ Եվգենի Լեբեդեւը հայտնվել է 36 մարդկանց ցանկում, որոնց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մտադիր է շնորհել ցմահ պերի տիտղոս, հայտնում է Forbes-ը:

Ցուցակում ռուսական ծագմամբ բիզնեսմենի անվան ներառումն անսպասելի էր, նշում է The Guardian-ը: Պարբերականը հիշեցնում է, որ 2018 թվականին Լեբեդեւը երեկույթ է անցկացրել բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի մասնակցությամբ, որն այդ ժամանակ դեռեւս երկրի արտգործնախարարն էր:

Դրանից բացի, ընտրություններում հաղթելուց հետո արդեն ներկայիս վարչապետը եղել է Լեբեդեւի լոնդոնյան տանը մասնակցելու բիզնեսմենի հոր՝ նախկինում ՊԱԿ-ում ծառայած Ալեքսանդր Լեբեդեւի 60-ամյակի տոնակատարությանը, նշում է The Guardian-ը: Ալեքսանդր Լեբեդեւը նախկինում Forbes-ին ասել էր, որ Ջոնսոնն ու իր որդին մոտ 12 տարվա ընկերներ են, մասնավորապես նրանք միասին են միջոցներ հավաքել անգլիական բանակի անօթեւան նախկին ծառայողների օգնության համար:

Մինչեւ 2015 թվականը Լեբեդեւ ավագը մտնում էր Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի մեջ: 2009 թվականին Լեբեդեւը գնել էր Evening Standard-ը, իսկ մեկ տարի անց՝ The Independent-ը: Երկու պարբերականներն էլ վնասով էին աշխատում, ուստի դրանց ձեռքբերումը թանկ չի եղել: Լեբեդեւը Evening Standard-ի համար վճարել է 8,3 մլն ֆունտ սթերլինգ, իսկ The Independent-ի համար՝ միայն խորհրդանշական 1 ֆունտ սթերլինգ: Գործարքից հետո Լեբեդեւը ռուսաստանցիների թվում դարձել էր բրիտանական խոշոր պարբերականի առաջին սեփականատերը:

Եվգենի Լեբեդեւից բացի, մարդկանց ցուցակում, որոնք նույնպես կարող են Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի իավունք ստանալ, եւս 35 մարդ կա: Նրանց թվում են վարչապետի եղբայր Ջո Ջոնսոնը, որն ավելի վաղ կառավարությունից հեռացել էր Brexit-ի հարցում Բորիս Ջոնսոնի տեսակետներին չհամաձայնվելու պատճառով, ինչպես նաեւ ֆինանսների նախկին նախարարներ Ֆիլիպ Համոնդը եւ Քեն Քլարքը, եւ նախկին վարչապետ Թերեզա Մեյի ամուսին Ֆիլիպը: Այս պահին բրիտանական խորհրդարանի վերին պալատին անդամակցում է 773 մարդ: