Home Հասարակություն Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ի պաս դնել Հայրենիքի անվտանգությանն ու...

Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ի պաս դնել Հայրենիքի անվտանգությանն ու զարգացմանը. ՀՅԴ Բյուրո

Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարեւելյան հատվածն է: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ:

Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ եւս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար:

Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների ցանցով, ուղեկից միություններով ու համակիրներով, կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը: