Home Տնտեսություն Արտաքին առեւտուրը՝ համավարակի «խմբագրմամբ»․ արտահանումներն ու ներմուծումները կրճատվելն են. Արա Գալոյան

Արտաքին առեւտուրը՝ համավարակի «խմբագրմամբ»․ արտահանումներն ու ներմուծումները կրճատվելն են. Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորեւ․

Համավարակը մամլիչի նման դեֆորմացնում է տնտեսությունը: Թե՛ համաշխարհային, թե՛ մեր: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ռեյտինգային կազմակերպությունները, վերլուծական կենտրոնները իրար հերթ չտալով պարբերաբար ավելի ու ավելի հոռետեսական են դարձնում տնտեսական կանխատեսումները այս ու հաջորդ տարվա համար:

Մեր տնտեսության հնարավոր ապագայի մասին փորձագիտական կենտրոնների վերլուծություններ չկան (եղածն անհատական վերլուծություն-կարծիքներ են): Ուստի, տնտեսության հետ կատարվող գործընթացներն առայժմ հնարավոր է դիտարկել միայն վիճակագրական չոր թվերի ստեղծած պատկերով: Օրինակ, մեր արտաքին առեւտրի պատկերը: 2019թ․ մայիսի համեմատ այս մայիսին մեր արտահանումները կրճատվելն են 8.7 տոկոսով, իսկ ներմուծումները 21.8 տոկոսով: Առեւտրաշրջանառության ծավալի կրճատումը կազմել է 17.3 տոկոս:

Ֆինանսական պատկերն այս է՝ 2020-ի հունվար-մայիսին արտահանել ենք 886.2 մլն դոլարի ապրանք, որը 75.6 մլն դոլարով պակաս է անցած տարվանից: Այս տարվա նույն ժամանակահատվածում ներմուծել ենք 1 մլրդ 653 մլն դոլարի ապրանք: Ցուցանիշ, որ 237.3 մլն դոլարով պակաս է նախորդ տարի արձանագրվածից:

Հիմա արդեն կարելի է դիտարկել, թե համավարակի պարագային ինչ փոփոխություն է արձանագրվել մեր արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում: 2019թ․ ԱՊՀ անդամ երկրներին բաժին էր ընկել մեր արտաքին ու փոխադարձ առեւտրի 34.8 տոկոսը: Իսկ միայն ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը 30.3 տոկոս էր: Եվրամիության անդամ երկրների հետ առեւտրի տեսակարար կշիռը 16.1 տոկոս էր: Մնացած 49.1 տոկոսը մեր վիճակագրությունը հաշվառում է որպես «առեւտուր այլ երկրների հետ»:

Համավարակը նկատելի փոխել է մեր արտաքին առեւտրի կառուցվածքը: ԱՊՀ երկրների մասնաբաժինն այս տարի նկատելի աճել է՝ դառնալով 55.3 տոկոս: ԵԱՏՄ անդամ երկրներն այս տարի ավելի մեծ մասնաբաժինն ունեցող գործընկերներ են՝ մեր արտաքին առեւտրի համարյա կեսը՝ 49.4 տոկոս: Եվրամիության անդամ երկրների տեսակարար կշիռը չնչին է նվազել՝ 0.1 տոկոսի չափով: Ֆինանսական առումով կրճատումը (որը սկսվել էր 2018թ․ հետո) ավելի նկատելի է՝ 137.3 մլն դոլար: Կարելի է ընդգծել, որ ԵՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերը հանքահումքային ու ադամանդագործության ոլորտների հաշվին են:

Նկատելի է, որ համավարակի ընթացքում առավել քիչ կրճատվելն են հին (կամ ավանդական) ԱՊՀ (եւ ԵԱՏՄ) անդամ ու տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը: Որպես դրա ապացույց կարելի է դիտարկել արտաքին առեւտրի ծավալները՝ ըստ առանձին երկրների: Մեր ամենախոշոր գործընկերը թե՛ 2019-ին, թե՛ այս տարի Ռուսաստանի Դաշնությունն է: 2019-ին ՌԴ-ի տեսակարար կշիռը մեր արտաքին առեւտրում 28.9 տոկոս էր: Այս տարի այդ երկրի դիրքը կտրուկ փոխվել է՝ 47.7 տոկոս: Ընդորում ՌԴ-ն առաջինն է թե՛ մեր արտահանումների, թե՛ ներմուծումների ծավալում: Մեր երկրորդ խոշոր գործընկերը համաշխարհային տնտեսության երկրորդ պետությունն է: Չինաստանի տեսակարար կշիռը մեր արտաքին առեւտրում 22.4 տոկոս էր, այս տարի՝ 19.9: Երրորդ երկիրը 2 տարի անընդմեջ 10 տոկոսանոց «մասնաբաժնով» Թուրքիան է: Չորրորդը Իրանն է՝ 2019-ին 4.8 տոկոս, այս տարի՝ 5.3: Հնարավոր է, որ անսպասելի արդյունք է: Բայց իսկապես առավել կենսական ներուժ ունեցան ավանդական ու տարածաշրջանային երկրների հետ տնտեսական կապերը: Գոնե առայժմ: