Home Միջազգային Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառները

Գիտնականները պարզել են տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառները

Չինական Տունցզիի բժշկական քոլեջի եւ Ուհանի Գիտության ու տեխնիկայի Հուաժոնգ համալսարանի գիտնականները փորձել են պարզել տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառները։

Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, մասնագետները ուսումնասիրել են 331 պացիենտների, այդ թվում՝ 127 տղամարդու եւ 204 կնոջ արյան պլազման: Հետազոտության մասնակիցների միջին տարիքը 45 է եղել: Ինչպես պարզվել է, IgG-հակամարմինների (սրանք իմունային համակարգի կողմից ստեղծված սպիտակուցներ են՝ ի պատասխան վարակի ներթափանցման) խտությունը տարբեր սեռերի հիվանդության ընթացքի թեթեւ կամ միջին աստիճանի վարակված մարդկանց արյան մեջ էական տարբերություններ չունի: Սակայն COVID-19-ի ծանր ընթացքով պացիենտների շրջանում փորձագետները զգալի տարբերություն են արձանագրել՝ կանանց մոտ արտադրվել են 20-25%-ով ավելի շատ հակամարմիններ SARS-CoV-2-ի հանդեպ։

Գիտնականների խոսքերով՝ տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառ կարող են հանդիսանալ հորմոնալ միջսեռային տարբերությունները՝ երբեմն տղամարդկանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է ճնշել իմունային ռեակցիաները, ինչն էլ կարող է ավելի բարձր վարակվածություն առաջացնել: