Home Միջազգային Իտալիայում լռության րոպեով հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը

Իտալիայում լռության րոպեով հարգել են կորոնավիրուսի զոհերի հիշատակը

Իտալիայում այսօր` մարտի 31-ի կեսօրին (Երևանի ժամանակով՝ 14:00-ին) 1 րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացած անձանց հիշատակն ու աջակցություն հայտնել բուժաշխատողներին, ամբողջ երկրի տարածքում պետական դրոշները խոնարհվել են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իտալիայի համայնքների ազգային ասոցիացիայի նախաձեռնությանը հավանություն են տվել բոլոր քաղաքների քաղաքապետերը, որոնք երեկ կարգադրել էին հիշատակման արարողություն ծրագրել: Լռության րոպեին են միացել նաև տեղական հեռուստաալիքներն ու պետական իշխանության բարձրագույն մարմինները: Լռության րոպեով իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև խորհրդարանականները` Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի դիմաց:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով Իտալիան առաջին տեղում է աշխարհում` 11 591 դեպք, վարակման դեպքերի թիվը 101 739 է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 785 807-ի, որից  37 820-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 165 659 մարդ։