Home Քաղաքականություն ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. Երկրորդ ընթերցումը՝...

ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. Երկրորդ ընթերցումը՝ երեկոյան

Ազգայիին ժողովն այսօր՝ մարտի 31-ին արդեն երկրորդ արտահերթ նիստում ընդունեց օրակարգում ընդգրկված երկու օրինագծերը:

Առաջինը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթն էր, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն էր որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ այն արդեն ընդունվել էր:

Նշենք, որ արտահերթ նիստն անցավ առանձ ընդդիմության ներկայացուցիչների:

Քվեարկություններից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց բոլոր խմբակցություններին ենթադրաբար ժամը 21.30-ից լինել ԱԺ-ում. «Ժամը 21.30-21.45-ի շրջանում մենք կգումարենք մեր երկրորդ նիստը, այս նախագծերի երկրորդ ընթերցման համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ. օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է, որն այսօր մեկ անգամ արդեն տապալվել է: Այս նիստին մասնակցում է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» այդ պահին ներկա պատգամավորները 65-ից ավելի չէին: