Home Քաղաքականություն Հայաստանում ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է արդեն մարտի 27-ին․ առողջապահության նախարար

Հայաստանում ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է արդեն մարտի 27-ին․ առողջապահության նախարար

Ռապիդ-թեսթերը չեն կարող կորոնավիրուսի առկայության վերջնական եզրակացություն տալ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Նախարարի խոսքերով՝ քանի որ հիվանդությունը նոր է, եւ թեսթերը նոր են սկսել սինթեզվել, ապա վերջնականապես պարզ չէ, թե ինչպիսին կլինի արդյունքը հասարակական առողջապահության տեսակետից։

Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանը ձեռք է բերել այդ թեսթերը եւ կփորձի պարզել, թե որքանով են դրանք կիրառելի։

«Անհրաժեշտ է որոշել, թե որ հաստատություններում մենք դրանք պետք է կիրառենք։ Դրանք կարող են լինել անցակետերը՝ առողջապահության առաջնային օղակները, պոլիկլինիկաները կամ ինֆեկցիոն ծառայությունները»,- ասել է Թորոսյանը։

Նա նաեւ հայտնել է, որ ռապիդ-թեսթերի առաջին խմբաքանակը սպասվում է մարտի 27-ին։

Ընդ որում, նախարարը նշել է, որ լաբորատոր թեսթերի կատարելագործման աշխատանքներ են տարվում, որոնք հինգ ժամ են տեւում։

«Արդեն երեկ անցկացվել է 210 թեսթ։ Շուտով թեսթերը ավելի հասանելի կլինեն Վանաձորի եւ Գյումրիի համար»,- ընդգծեց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 18 քաղաքացի։ Երկրում մինչեւ ապրիլի 16-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված։