Home Քաղաքականություն Այն գործողությունները, որոնք պետք է տեւեն 1-2 ժամ, տեւում են շուրջ 1...

Այն գործողությունները, որոնք պետք է տեւեն 1-2 ժամ, տեւում են շուրջ 1 շաբաթ. Թավադյանի պաշտպան

«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով առաջնահերթ է, որ իրավունքների խախտումները դադարեցվեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Մենք բողոքարկել ենք պարոն Թավադյանին կալանավորելու որոշման դեմ եւ տեղեկացված ենք, որ առաջին ատյանից գործը փոխանցվել է Վերաքննիչ դատարան, չնայած այդ գործողությունը, որը ենթադրում է մեկ հատոր նյութերի ֆիզիկական տեղաշարժ Կենտրոն նստավայրից մինչեւ Վերաքննիչ դատարան կատարվել է շուրջ 1 շաբաթվա ընթացքում։ Ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կնշանակվի դատական քննություն եւ արդեն Վերաքննիչ դատարանում կքննարկենք թե ձերբակալման իրավաչափության հարցը, թե կալանավորման իրավաչափության եւ նաեւ գրավի հարց կարող է քննարկվել, դա նույնպես բողոքով ներկայացված է։ Այս պահին առանձին մանր պրոցեսներ են ընթանում դատավարական առանձին գործողությունների մասով՝ գույքի կալանքի վերաբերյալ հարցը պետք է ճշտենք՝ արդյոք գույքը կալանքի տա՞կ է, որ նման պրակտիկա ունենք նաեւ առգրավումների, որոնք գործի հետ առնչություն չեն ունեցել վերաբերյալ ունենք առանձին միջնորդություններ, որոնք նույնպես քննարկելու ենք վարույթն իրականացնող մարմնի հետ»,- ասաց Խուդոյանը։

Պաշտպանն ասաց, որ մեկ միջնորդություն քննարկվել է, մասնակի վերացվել է տեսակցությունների արգելքը Թավադյանի համար, վերջինիս ընտանիքի անդամները կարող են տեսակցել. «Մնացած հարցերով, ինչը վերաբերում է բուն դատավարական գործընթացին, դեռեւս միջնորդությունները ունենք։ Այս շաբաթվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի հետ կունենանք քննարկումներ եւ կհասկանանք՝ ինչ հեռանկարներ են տեսնում իրենք այս գործով։ Մենք այս գործով, ի սկզբանե, որեւէ հեռանկար չենք տեսել։ Կարծում եմ, որ մի օր վարույթն իրականացնող մարմինը հասկանա, որ նմանատիպ գործելաոճը հարիր չէ իրավական պետությունում քրեական դատավարություն իրականցնող սուբյեկտներին եւ պետք է անհապաղ անձի իրավունքների սահմանափակումները վերացվեն։ Այս պահին առաջնահերթ է, որ իրավունքների խախտումները դադարեցվեն»։

Պաշտպանը նկատեց, որ Արմեն Թավադյանի հետ կապված նախաքննական գործողությունները ձգձգվում են. «Այն գործողությունները, որոնք պետք է տեւեն 1-2 ժամ տեւում են շուրջ 1 շաբաթ։ Տոնական օրերն էին նաեւ խանգարում բողոքարկման ընթացքին, սակայն այդ խնդիրն ունենք բոլոր քրեական գործերով, այսինքն՝ սա հատուկ վերաբերմունք չէր։ Սակայն երբ խոսքը գնում է անձի ազատությունը սահմանափակելուն, ապա դատավորները, դատախազներն ու քննիչները նույնիսկ դեկտեմբերի 31-ի գիշերը կարող են անձի կալանքի հարցը քննարկել։