Home Տեսանյութեր «Վարչապետի համար ոչ մեկը չի քայլել». Փաշինյանը Գյումրիում հանդիպեց ավտոներկրողների հետ

«Վարչապետի համար ոչ մեկը չի քայլել». Փաշինյանը Գյումրիում հանդիպեց ավտոներկրողների հետ

Մեզ ստիպում են, որ մինչեւ դեկտեմբերի 31–ը ավտոմեքենանրը մաքսազերծենք, բայց այն օրենքը, որ գործում է ներկրելուց 10 աշխատանքային օր հետո մաքսազերծել, այսօր չի գործում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28–ին, Գյումրիի մաքսատուն այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել են ավտոներկրողները։

Նրանց խոսքով՝ մարդիկ կան, որ երեկ են մեքենան բերել իմանալով, որ 10 աշխատանքային օրը հունվարին է լրանում, բայց այստեղ անակնկալի են եկել. «Ես երեկ եմ ներմուծել մեքենաս եւ 10 աշխատանքային օր ունեմ հանգիստ գալու մաքսազերծելու, բայց որ պարտադրում են մինչեւ 31–ը մաքսազերծել։ Մենք մի խնդրանք ունենք կամ թույլ տվեք ով նոր է բերել 10 օրը պահպանվի կամ տամոժնյան շուրջօրյա աշխատի»։

Վարչապետը պատասխանեց, որ կքննարկեն, հիմա չի կարող պատասխանել։

Վարորդներից մեկը, որն ուզում էր մոտենալ վարչապետին ասաց թույլ տվեք մոտենալ Նիկոլ Փաշինյանին, ես նրա համար քայլել եմ, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Վարչապետի համար ոչ մեկ չի քայլել։ Դուք ինձ կանչե՞լ եք, որ եկել եմ, չէ։ Եկել եմ նայեմ ինչ է կատարվում, հասկանանք»։

Վարչապետը վարորդներից հետաքրքրվեց, թե էլի հերթ են ծախո՞ւմ, ինչին վարորդները պատասխանեցին. «Ոչ մեկի ձեռքից չենք բռնել, նման բան չեմ կարող ասել, բայց խոսակցություններ կան»։

Վարչապետը գնալուց առաջ խոստացավ զբաղվել այդ հարցով եւ շնորհավորեց նրանց Նոր տարին։