Home Հասարակություն Ես թողնում եմ պլանավորված գործերը, երեխաներին. Աննա Հակոբյանը՝ իր ուղևորությունների մասին. Արմենպրես

Ես թողնում եմ պլանավորված գործերը, երեխաներին. Աննա Հակոբյանը՝ իր ուղևորությունների մասին. Արմենպրես

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին», որից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Տիկին Հակոբյան, տարվա ընթացքում դուք և ձեր ընտանիքը ուշադրության, ես կասեի, գերուշադրության կենտրոնում էիք, ինչն ուղեկցվում էր բազմաթիվ քննադատություններով: Ըստ ձեզ՝ հիմնական պատճառը ո՞րն է և ինչպե՞ս եք վերաբերում դրանց:

Կարծում եմ, որ բոլոր իշխանությունների դեպքում, բոլոր ղեկավարների ընտանիքները լինում են գերուշադրության կենտրոնում, և դա նորմալ եմ համարում: Ինձ թվում է բոլոր երկրների ղեկավարների կանայք են ուշադրության կենտրոնում, երբ ամեն մի քայլին, ամեն մի բառին հետևում են: Քննադատություն էլ կա, սակայն սեր, գնահատանք, ջերմ խոսքեր եւ բարեմաղթանքներ շատ ավելի շատ կան: Նորմալ երեւույթ է այդ ուշադրությունը: Կարեւորն այն է, որ կարողանանք երբեւէ չհիասթափեցնել մեզ սիրողներին, մեզ համար աղոթողներին:

Արդյո՞ք այս իրավիճակն ինչ-որ ձևով կաշկանդում է ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին:

Չէի ասի, թե կաշկանդում է, որովհետև մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք: Չենք խուսափում լինել հանրային վայրերում՝ ոչ մեր երեխաները, ոչ իմ ամուսինը, ոչ ես: Երբ ժամանակ ենք ունենում անպայման շարունակում ենք ընտանիքով գնալ այն վայրեր, որտեղ սիրել ենք հաճախել, հաճույքով ենք գնացել: Այսինքն՝ մենք մեզ չենք զրկում մարդկանց շրջապատում լինելուց: Բայց լինում են դեպքեր, որ ուշադրության կենտրոնում լինելով պայմանավորված՝ վերանայում ես այս կամ այն քայլդ, ընտրությունդ, թեկուզ հագուստի հետ կապված: Եղավ մի դեպք, երբ իմ հագուստի, ավելի շուտ՝ պայուսակի դետալներն էին լուսանկարվել ու քննարկվել: Շատ զարմանալի էր ինձ համար, դրանից հետո ավելի ուշադիր եմ լինում (ժպտում է-հեղ.):

Եղե՞լ են ձեզ ուղղված քննադատություններ, հրապարակումներ, որ զարմացրել են:

Շատ-շատ են եղել, երբ ոչ թե զարմացրել են, այլ՝ կյանքից հիասթափեցրել: Օրինակ, կառավարական ինքնաթիռով մեկնել եմ Ժնև, ամուսինս ինձ համար ավտոմեքենա է գնել, բիզնես դասով եմ ճամփորդել, Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով Փարիզից Նյու Յորք եմ մեկնել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել… բազմաթիվ են նման լուրերը: Եվ ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ լուրերն ինչպես են ծնվում, հատկապես լրատվամիջոցների կողմից հրապարակվող: Երբ մարդիկ միմյանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում տրանսպորտում, իրենց շենքի բակում, ես կարող եմ հասկանալ, բայց երբ դա դառնում է լուր կամ հոդված, չեմ կարողանում տվյալ ԶԼՄ-ի խմբագրի գործողությունների տրամաբանական ընթացքը  պատկերացնել:

Տիկին Հակոբյան ձեզ նաև քննադատում են հաճախակի ճանապարհորդելու համար: Իսկապե՞ս դրա անհրաժեշտությունը դուք տեսնում եք:

Եթե այդ անհրաժեշտությունը չլիներ, ես ոչ մի տեղ չէի գնա, որովհետև առաջին հերթին դա ինձ համար է դժվար: Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին: Այնքան հագեցած է Հայաստանում իմ աշխատանքային գրաֆիկը, որ ճանապարհորդությունները ժամանակ են խլում, կուտակում են ծրագրված գործերը: Օրինակ, վերջին իմ մարզային այցելությունները… Դրանք ամիսներ շարունակ պլանավորում էինք, սակայն չէին ստացվում, այդ իսկ պատճառով հետաձգվեցին նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ: Հավատացեք, եթե այդ այցերը կարևոր չլինեին, ես այդ հաճախականությամբ չէի ճանապարհորդի: Երբ ես հրավեր եմ ունենում, անպայման համապատասխան գերատեսչությունից խնդրում եմ տալ կարծիք՝ արժե գնալ, թե ոչ: Տարբեր այցերից սպասումները, ակնկալիքները տարբեր են: Օրինակ, Իսլանդիա այցելությունը. մասնակցել եմ «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովին մասնակցում էի ամուսնուս հորդորով և հանձնարարությամբ, որի նպատակը հաջորդ տարի ֆորումը Հայաստանում անցկացնելն էր։ Աշխարհի 80 երկրից հեղինակավոր և ազդեցիկ կանայք են մասնակցում: Եվ որպեսզի ֆորումը բերենք Հայաստան, պետք է գնալ, ծանոթանալ, ներկայացնել, խոսել: Այդքան հեղինակավոր կանանց մեր երկրում հյուրընկալելը շատ կարևոր է:

Քանի որ հագեցած աշխատանքային գործունեություն եք ծավալում, հասկանալի է, որ քիչ ժամանակ է մնում երեխաների հետ անցկացնելու: Ինչպե՞ս եք այդ բացը լրացնում, միասին անցկացնելու ժամանակ ունե՞ք սիրած, հետաքրքիր զբաղմունքներ:

Նույնիսկ այս գերհագեցած պայմաններում, ասեմ, որ հիմա, իմ երեխաներն ինձ ավելի շատ են տեսնում, քան երբ ես թերթի խմբագիր էի աշխատում: Հիմա ավելի շատ ենք շփվում, նույնիսկ իրավիճակի բարելավում ունենք: Աշխատում եմ ավելի հաճախ երեկոն անցկացնել երեխաներիս հետ: Միասին լինելու ժամանակ սիրում ենք, օրինակ` գունավոր մատիտներով նկարել, ներկել: Իրենց սիրած բանջարեղենային սենդվիչն եմ պատրաստում, մուլտֆիլմ ենք դիտում, խաղեր ենք խաղում, հատկապես Արփիի հետ, հեքիաթ եմ կարդում»: