Home Միջազգային «Գերազանց աշխատանք». Թրամփն իր գոհունակությունն է հայտնել հանրապետականների կազմած «կեղծ պաշտոնանկության գործընթացի»...

«Գերազանց աշխատանք». Թրամփն իր գոհունակությունն է հայտնել հանրապետականների կազմած «կեղծ պաշտոնանկության գործընթացի» զեկույցի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարդացել է հանրապետականների՝ իր պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ զեկույցը և իր գոհունակությունն է հայտնել դրա վերաբերյալ: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Twitter-ում:

«Քիչ առաջ վայրէջք եմ կատարել Մեծ Բրիտանիայում, մեկնում եմ Լոնդոն՝ վաղը ՆԱՏՕ-ի կայանալիք հանդիպմանը: Նախքան վայրէջք կատարելը, ես կարդացի հանրապետականների զեկույցը կեղծ պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ: Գերազանց աշխատանք է»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները «պատասխան» զեկույց են կազմել Թրամփի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ և հերքել են պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները: Հանրապետականներն Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողություններում «ըստ էության սխալ» ոչինչ չեն նկատել և մանրամասն արդարացրել են այդ հարցի վերաբերյալ վարչակազմի քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել դեմոկրատների համար ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենի որդու՝ Հանթերի գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց: