Home Միջազգային «Ես անհանգստությամբ եմ հետևում Իրաքում տիրող իրավիճակին». Հռոմի պապ

«Ես անհանգստությամբ եմ հետևում Իրաքում տիրող իրավիճակին». Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի քննադատել է Իրաքում հակակառավարական ցույցերի ժամանակ իշխանության գործադրած բռնությունը, ինչը Բաղդադում և այլ քաղաքներում հանգեցրել է ավելի քան 400 մարդու մահվան, գրում է Reuters գործակալությունը:

«Ես անհանգստությամբ եմ հետևում Իրաքում տիրող իրավիճակին: Ես խորը ցավով եմ տեղեկացել վերջին օրերին բողոքի ցույցերի ժամանակ կիրառված կոշտ միջոցների մասին, որոնց հետևանքով հազարավոր մարդիկ են մահացել»,- իր կիրակնօրյա ուղերձի մեջ ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի պապը, որը հաջորդ տարի Իրաք այցելելու ցանկություն է հայտնել, Սուրբ Պետրոսի հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց հայտնել է, որ աղոթում է զոհերի հանգստության և վիրավորների համար և Աստծուն դիմում է այդ երկրում խաղաղություն սփռելու կոչով:

Իրաքում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերին։ Գրեթե երկու ամսվա ընթացքում անվտանգության ուժերը ցուցարարների դեմ կիրառել են մարտական փամփուշտներ, արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ: Ընդհանուր առմամբ, հակակառավարական ցույցերի ժամանակ ավելի քան 400 մարդ է զոհվել, առավելապես՝  Նասիրիա և Նաջաֆ քաղաքներում:

Ցուցարարները սկզբում պահանջում էին լուծել երիտասարդության գործազրկության հարցն ու պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հետո արդեն հանդես եկան կառավարության հրաժարականի պահանջով:

Անցած ուրբաթ վարչապետ Ադել Աբդուլ Մահդին խոստացել էր հրաժարական տալ՝ հասարակության զայրույթն ու բռնությունը դադարեցնելու նպատակով, սակայն ցուցարարները հայտարարում են, որ վարչապետի հրաժարականը «բավարար չէ»։