Home Տեսանյութեր Հայկ Մարությանի ստորագրությամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0.6 հա տարածքով ինքնակամ կառույցն...

Հայկ Մարությանի ստորագրությամբ Սամվել Ալեքսանյանի կնոջը պատկանող 0.6 հա տարածքով ինքնակամ կառույցն օրինականացվել է. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Քաղաքապետարանը «ռեկետի» միջոցով գործարարներին առաջարկել է ծառայություն մատուցելու գործարք. տրամադրեք մեզ այդ աղբատար ավտոմեքենաները և դրա դիմաց մենք ձեզ կտանք այս շինթույլտվությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով փաստին, որ տարբեր կազմակերպություններ քաղաքապետարանի որպես նվիրատվություն աղբատար ավտոմեքենաներ են տրամադրել։

Դավիթ Խաժակյանը նշեց, որ «ԿամԱզ»-ների նվիրատվությունը ողջունելի կլիներ, եթե քաղաքապետարանն ի սկզբանե դա գաղտնի չպահեր, սակայն քանի որ գաղտնի է պահել, հարց է առաջացնում՝ արդյո՞ք դա նվեր էր, թե գործարք ինչ-որ բանի դիմաց:

Դավիթ Խաժակյանը ներկայացրեց, որ քաղաքապետի որոշմամբ քաղաքացի Շողերինա Մկրտչյանին 5842 մետր քառակուսի (մոտ 0.6 հա) ինքնակամ կառույց օրինականացնելու թույլտվության է տրվել, իսկ Շողերինա Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կինն է: Խաժակյանի խոսքով՝ որոշման մեջ նշված է Օհանով փողոց 15/1 հասցեն, որտեղ թույլ է տրվել ինքնակամ կառուցապատումը, «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գրանցման հասցեն է:

«5842 մետր քառակուսի ինքնակամ կառույցը օրինականացվել է, այն երեք աղբատար «ԿամԱզ»-ների դիմաց, ինչը քաղաքապետարանին տվել է «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունը»,- ասաց նա և հավելեց, որ եթե նայենք ժամանակահատվածին, կտեսնենք, որ կառույցի օրինականացման դիմումն ու «ԿամԱզ»-ների ստացման ժամանակահատվածները համընկնում են:

Դավիթ Խաժակյանը նաև նկատեց, որ այդ որոշումը հաստատվել է քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ նոյեմբերի 4-ին, սակայն նշեց, որ այդ ժամանակ քաղաքապետը քաղաքում չի գտնվել, և ըստ նրա՝ ամեն դեպքում որոշումը կայացվել է նրա գիտությամբ:

Երևանի ավագանու անդամը նշեց, որ քաղաքապետ Մարությանը խախտել է բարերարության բոլոր նորմերը, ամիսներ շարունակ դա թաքցրել է հասարակությունից։ «Երբ իրեն ուղիղ հարց են տվել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը ինչ- որ գույք է տվել քաղաքապետարանին, նա հերքել է՝ ասելով, որ դա սուտ տեղեկություն է»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքապետարանը ոչ թե նվերներ է ստանում, այլ իրականացնում է գործարք և դրա դիմաց կատարում իր պաշտոնական լիազորությունները։

Խաժակյանը խնդիր է տեսնում քաղաքապետարանի գործելաոճի մեջ։ Ըստ նրա՝ քաղաքապետարանը անհավասար հնարավորությունների մեջ է դնում տնտեսավարողներին, քանի որ, շատերը իրենց փոքր տնակները նորոգելու կամ օրինականացնելու համար մերժում են ստացել:

«Սա բացահայտ կոռուպցիա է, սեփական լիազորությունները կատարելու դիմաց ինչ-որ բան պահանջել, բարեվարքության նորմերի խախտում է, թաքցնել է եւ հասարակությանը ստել»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նաև նշեց, որ իրավապահները պետք է զբաղվեն սրանով և պարզել, թե արդյոք եղել են դեպքեր, երբ քաղաքապետարանի խորհրդով այս կազմակերպությունները կոնկրետ «դիլերներից» ավտոմենքենա են գնել, ինչ արժեքով են ձեռք բերել դրանք և հնարավոր է արդյոք, որ ձեռք բերված գնի և փաստացի գնի միջև կան տարբերություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։