Home Քաղաքականություն Քաղաքականություն իրականացնելու գործընթացում մենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ ենք տեսնում. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն իրականացնելու գործընթացում մենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ ենք տեսնում. Արտակ Զաքարյան

Ոչ ոք չի կարող ասել, որ մենք ժամանակին մատների արանքով ենք նայել կարևոր խնդիրներին: Ներկայիս իշխանությունների գործողությունները վկայում են, որ շարունակում են այն քաղաքականությունը, ինչը ժամանակին դրվել է ճիշտ ուղու վրա: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական համաժողովի շրջանակում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Քաղաքականություն իրականացնելու գործընթացում մենք անպատասխանատու, անզգույշ հայտարարություններ ենք տեսնում: Մենք քաղաքական մի գործընթաց ենք տեսնում, որը աստիճանաբար նաև միջազգային հանրության մոտ որոշակի թերահավատություն է ձևավորում Հայաստանի վարած քաղաքականության հանդեպ»,- ասաց Զաքարյանը:

Ըստ նրա՝ Ղարաբաղի հարցում բանակցային գործընթացը փակուղային է, որը նույնիսկ Ադրբեջանի համար է անհասկանալի: Նաև նշեց, որ եթե մյուս կողմից նայենք, Ադրբեջանը ապակառուցողական դիրքից կառուցողականի է գնում, իսկ Հայաստանը՝ կառուցողականից ապակառուցողականի:

«Միջազգային հանրությունն Ադրբեջանի գործողություներն արդեն ընկալում է որպես կառուցողական դաշտում արվող գործողություններ: Հայաստանից հնչող առաջարկներն արդեն աստիճանաբար մերժվում են և դիտարկվում՝ անիրականանալի»,- ասաց նա և հավելեց, որ եթե իշխանությունները Մինսկի խմբի շրջանակներում դրված գործընթացը նույն կերպ շարունակեին, ոչ մի խնդիր չէինք ունենա: