Այսօր նպատակահարմար չգտանք երթ իրականացնելու: Նստացույցը շարունակում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը:
«Ընկերները հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր գալիս են, աջակցում են նստացույցին: Ավելի նպատակահարմար գտանք, որ մնանք նստացույցի վայրում, որ խոսենք, հասկանանք, ով ինչ առաջարկություններ ունի»- ասաց նա:
Սարգսյանը հիշեցրեց, որ կոչով դիմել են «Լուսավոր Հայաստան» և «ԲՀԿ» կուսակցություններին, և կարծում է, որ վաղը նրանցից արձագանքներ կլինեն: «Չեմ ուզում ակնկալիքներից խոսել: Ես կարծում եմ, որ նրանք, որպես ընդիմադություն, պետք է մտնեն պրոցեսի մեջ, հետևեն մեր կոչին»,- նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով հետագա գործողություններին՝ ակտիվիստը նշեց, որ ուսանողները դարձյալ ակցիա են իրականացնելու: Նա հավելեց նաև, որ վաղը մամուլի ասուլիսով են հանդես գալու, որտեղ ավելի հստակ կներկայացնեն իրենց հետագա անելիքները:
«Օր օրի ավելանում են մեզ աջակցողների թիվը՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ: Ընդհանուր աջակցությունը շատ մեծ է, պարզապես կաշկանդվածություն կա, որը չի թողնում, որ մարդիկ ինչ-որ կերպ իրենց դրսևորեն»,- ասաց նա: