Home Հիմնական Վերվարածները` իշխանության ղեկին. 7or.am

Վերվարածները` իշխանության ղեկին. 7or.am

2

Մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ 2018թ. մայիսին, երբ ձեւավորվում էր քայլարածների կառավարությունը, Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի, Ֆելիքս Ցոլակյանի եւ նույն Նիկոլ Փաշինյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են ճիշտ նույն հիմքով, ինչ Հրայր Թովմասյանի լիազորությունները` Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց անմիջապես հետո։

Խոսքը Սահմանադրության 95-րդ եւ 98-րդ հոդվածների մասին է, որոնցից առաջինը սահմանում է, որ պատգամավորը չի կարող վճարովի այլ պաշտոն զբաղեցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, երկրորդը`որ «95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում» պատգամավորի լիազորություններն իրավունքի ուժով կասեցվում են։

Եվ ուրեմն` չի՛ կարող նույն «արարքը» մի դեպքում համարվել «իշխանության յուրացում», որովհետեւ այդպես է որոշել ԱԱԾ-ի համար անվիճելի հեղինակություն ներկայացնող («վստահելի» գործ տվող) դասալիք պատգամավորը, մյուս դեպքում` ոչ։ Եթե պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին նախապես դիմում չգրելով`այլ պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը իշխանության յուրացում է, պարզ է, որ այդ մոտեցումը պետք է գործի նաեւ մյուսների պարագայում։ Բայց ո՛չ` Նիկոլն ու իր կրնկի տակ գտնվող իրավապահ մարմինները քար լռությամբ ու անտարբերությամբ «արձագանքեցին» այս հարցադրումներին։

Եղան բազմաթիվ հրապարակումներ, որ նույն Նիկոլը, երբ ԱԺ-ը լուծարելու համար հրաժարական տվեց եւ հետո մեկի փոխարեն երեք անգամ վարչապետի թեկնածու առաջադրվեց, որ չընտրվի, իր հերթին խախտել է Սահմանադրությունը եւ օրենքները` «ընտրվել-չընտրվելու» զավեշտախաղի ողջ ժամանակահատվածում շարունակելով իրականացնել վարչապետի լիազորությունները։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ «մի խումբ անձանց», այդ թվում` ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կողմից «իշխանությունը յուրացնելու փաստի» առնչությամբ կարված «քրեական գործով», նախ, որպես կասկածյալ, ապա` մեղադրյալ ներգրավված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյա՛նն էլ հրապարակավ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց` ասելով, որ եթե երբեւէ օրենքի խախտում եմ թույլ տվել, ապա` այնքանով, որքանով նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։

Բաբլոյանի հայտարարությունը նույնպես մնաց անարձագանք` իրավապահների մի ականջից մտավ, մյուսից դուրս եկավ. «կեսարի կինը» (այս դեպքում երեւի ավելի ճիշտ կլինի ասել` ամուսինը) կասկածից վեր է` իշխանության յուրացման ա՛յս դրվագը տարածաշրջանի թիվ 1 «բռնապետիկի» ֆանտազիաներին իրավական փաթեթավորում տվողներին չի հետաքրքրում։ Նրանք ավելի կարեւոր գործեր ունեն. «գցում-բռնում» են, թե ինչպես կարելի է երկրիս գլխավոր ահաբեկիչ Նաիրի Հունանյանի եւ գործ տվող պատգամավորի «շփումներն» օգտագործել Հոկտեմբերի 27-ի գործը վերակենդանացնելու եւ Նիկոլի պոտենցիալ հակառակորդների` Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Մանուկյանի եւ «անցանկալի այլ անձանց» դեմ շուռ տալ։

Օրերս տեղեկացանք, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանը նմանապես խախտել է օրենքները եւ Սահմանադրությունը. վայր չդնելով փոխվարչապետի լիազորությունները` դարձել է պատգամավոր, ապա` յուրացրել օրենսդիր իշխանությունը` ընտրվելով ԱԺ նախագահ։ Եվ` ոչինչ. «թավշյա իշխանիկների» գրպանում հարմարվետ տեղավորված իրավապահ համակարգի «պատասխանը» դարձյալ լռությունն է։

Այս շարքի վերջին բացահայտումը վերաբերում էր Փաշինյանի կողմից «բնակարանային գողության»` նախկին նախագահ Սերժ Սարգսյանին 10 տարի ծառայած առանձնատունն ապօրինաբար յուրացնելու փաստին։ Օրենքում հստակ գրված է, որ վարչապետն իրավասու է զբաղեցնել Ձորափի 74 հասցեում գտնվող «կառավարական դաչաների» 3-րդ մասնաճյուղը, մինչդեռ Փաշինյանն ինքնագլուխ` առանց գոնե համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու եւ ստանալու ԱԺ «թույլտվությունը», տեղափոխվել է նախագահ(ներ)ի համար նախատեսված 8-րդ մասնաճյուղ։

Այսինքն` «զավթել» է իրեն չպատկանող, հարկատուների փողերով ճոխ վերանորոգման ենթարկված ազգային հարստությունը (չխորանանք` ինչքան է նստել այդ աստվածահաճո գործը պետական բյուջեի վրա. երկու միլիոն դոլա՞ր, թե՞ տասն անգամ պակաս, ինչպես հանրությանն աչքալուսանք տվեց Նիկոլ վարչապետը)։

Եվ ի՞նչ։ Հանցագործության մասին այս հաղորդումն էլ արժանացավ նախորդների ճակատագրին. ո՛չ Նիկոլի «ձեռքի» ԱԱԾ-ն, ո՛չ ՀՔԾ-ն, ոչ էլ առավել ես գլխավոր դատախազությունը`հայկական Վիշինսկու գլխավորությամբ, որեւէ կերպ չանդրադարձան այս փաստին։

Օրենքի ընտրովի կիրառման այս ցայտուն օրինակները, որ հանրային հնչողություն ստացան վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում, վաղ թե ուշ, իհարկե, ստանալու են իրենց իրավական գնահատականը։

Մի՛ բան է զարմացնում. սրանք մինչեւ հիմա չհասկացա՞ն, որ իշխանությունը հավերժ չէ։ Լրջորեն հավատում են, թե մինչեւ 2050 թիվը մեր գլխից անպակա՞ս են լինելու, թե՞ կարծում են` աշխարհի վերջը եկել է…

Լիլիթ Պողոսյան

7or.am