Գլխավոր Հասարակություն Հերոսացման երկակիությունը

Հերոսացման երկակիությունը

Նախկին քաղաքական իշխանություն հանդիսացող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր հիմնադրման պահից որպես գաղափարական հիմք ընդունել էր նժդեհականությունը: Գարեգին Նժդեհը այն անձն է, ում ռազմա-քաղաքական պայքարի շնորհիվ Հայաստանը կարողացավ իր տարածքային ամբողջականության շրջանակում պահպանել ռազմավարական և կենսական նշանակություն ունեցող Զանգեզուրը:
Նժդեհի կերպարը Հայաստանի սահմաններից մինչև ԱՊՀ սահմաններ հասավ, երբ նախորդ իշխանության օրոք Երևանի կենտրոնում տեղադրվեց Նժդեհի արձանը: Ադրբեջանական լոբբինգի և ադրբեջանամետ գործիչների քարոզչության շնորհիվ այդ իրադարձությունը Ռուսաստանում լայն արձագանք գտավ՝ որպես ֆաշիստական Գերմանիային աջակցություն ցուցաբերած Նժդեհի հերոսացում:
Ընդհանրապես, հակահայկական գործունեություն ծավալող տարբեր շրջանակների կողմից Հայաստանում ֆինանսավորվող կառույցների ու անհատների հայտարարություններով պարբերաբար փորձ է արվում հասարակության շրջանում ապահերոսացման պրոցես իրագործել: Ըստ երևույթին, պարբերական բնույթ է կրում հատկապես Արցախյան պատերազմում հայկական կողմի հաջողությունը կերտած հերոսների պատվազրկման ուղղությամբ քարոզչությունը: Թիրախ են դարձել Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վիտալի Բալասանյանը, Օգանովսկին, Մանվել Գրիգորյանը (վերջինիս և երկրորդ նախագահի հանդեպ հարուցված քրգործը շոու է հիշեցնում):
Հերոս չունեցող հասարակությունն ինքին իր առջև չունի հաղթանակ կերտողների օրինակներ, և որպես արդյունք, բարոյալքված, աննպատակ զանգվածի է վերածվում: Իսկ այդպիսի հասարակությանը հոգեբանական պատերազմում պարտության մատնելով՝ ռազմաճակատում ջախջախելը մեծ դժվարություն չի ներկայացնելու:
Ինչ վերաբերում է ԱՊՀ գագաթաժողովին Ալիևի ելույթին Փաշինյանի կոշտ պատասխանին, պետք է փաստենք, որ նրա և նրա քաղաքական թիմի Արցախի հերոսների դեմ հարձակումները թույլ չեն տալիս այդ պատասխանն ընկալել որպես հայկական կողմի հերթական ապտակը Ադրբեջանին, առավել ևս, որ վարչապետը Ադրբեջանի նախագահին չի հիշեցրել Ռասուլզադեի մասին և չի ակնարկել հայ սպային կացնահարած ադրբեջանցուն Ալիևի կողմից հերոսի կոչում շնորհելու անթույլատրելի փաստը:
Այդպիսով, որքան էլ դրսում Փաշինյանը հակադարձի Գարեգին Նժդեհի դեմ ուղղված հայտարարություններին, քանի դեռ նա ներսում շարունակում է արցախյան հերոսների դեմ ելույթներ ունենալ թե՛ անձամբ, թե՛ այլոց խրախուսելով, նա չի կարող ապավինել ներսում իր ռեյտինգը նժդեհականությամբ պահպանելու մտքին:
Փաշինյանի և իր կողմնակիցների երեսպաշտությունը անսահման է և միտված է միայն մեկ բանի՝ պետականության թուլացման: Այլ կերպ ասած՝ Արցախի հարցի վերջնական լուծումը պարտադրելիս ակնհայտ է, որ Փաշինյանի «հեղափոխության» պատվիրատուներն ակնկալում են թուլացած բանակ: Իսկ բանակը պատվազրկված, այլևս իրենցից արժեք չներկայացնող հերոսների ու գեներալների պարագայում չի կարող ունենալ ամուր հիմքեր, հետևաբար՝ նրան հաղթելը հեշտ է լինելու…

Գրիգոր Համբարձումյան

SHARE