Գլխավոր Տնտեսություն ՀՀ տնտեսական ցուցանիշները լավն են, ԵՏՄ-ում լավագույն ենք, բայց կան նաեւ մտահոգություններ....

ՀՀ տնտեսական ցուցանիշները լավն են, ԵՏՄ-ում լավագույն ենք, բայց կան նաեւ մտահոգություններ. Նախկին նախարար

Իրականում տնտեսական ցուցանիշները լավն են, վատը չեն. նկատի ունեմ տնտեսական աճը եւ տնտեսական ակտիվության ինդեքսը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

«Տարածաշրջանում մեր ցուցանիշներով մենք բարձրերից ենք, իսկ ԵՏՄ շրջանակներում լավագույն ցուցանիշները ունենք: Բայց ես մտահոգություններ եմ բարձրացրել տնտեսական կառուցվածքի մասով, որին մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի: Մեծ ուշադրություն պետք է դարձնի նաեւ երկու պահանջարկի քաղաքականություններին՝ դրամավարկային եւ հարկաբյուջետային:

Հիմա կարծես ունենք մի իրավիճակ, երբ դրամավարկային քաղաքականությունը հարմարվողականություն է դրսեւորում, այսինքն այն, ինչը չի կատարում հարկաբյուջետային քաղաքականությունը, կատարում է դրամավարկային քաղաքականությունը, որը սխալ է եւ պրոբլեմատիկ:

Այդ լիկվիդայնությունը մտնում է բանկային համակարգի միջոցով տնտեսություն, դա գնում է հիմնականում տնային տնտեսություններ, ֆինանսավորում է սպառումը եւ հիփոթեքային վարկավորումը, որը եւս երկարաժամկետ սպառում է: Այստեղ մենք ունենք տնտեսության կառուցվածքային խնդիր: Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ որ մենք ունեցել 2002-2008 թվականներին, այն է՝ մեզ մոտ առաջնորդող է ոչ արտահանելի հատվածը»,-հայտարարեց նա:

SHARE