Գլխավոր Հիմնական Կարևորի մասին

Կարևորի մասին

Փաշինյանը շարունակում է վայելել իր ֆեյք և ոչ ֆեյք ամբոխի ծափողջյունները՝ իր աշխատանքային պարտականություններն ընդլայնելով մինչև բանաստեղծական գրառումների տարածումը ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մինչդեռ իրադարձությունները շարունակում են լարված մնալ մեր հարևանի Իրանի շուրջ: Չնայած ներկա իշխանությունների մի ներկայացուցչի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունը որակվել է որպես ավտորիտար բնույթի պետություն, սակայն Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի տեսանկյունից մեր հարավային հարևանը Հայաստանին սպառնացող թուրքական գործոնի դեմ վերջում կարող է մնալ միակ ռազմավարական դաշնակիցը։
Հատկապես վերջին շրջանում, երբ ԱՄՆ-ն, ետ քաշվելով Մերձավոր Արևելքից, հնարավորություն ընձեռնեց Թուրքիային նոր գրոհ սկսել քրդերի դեմ, իսկ, մյուս կողմից՝ լարվածությունը պահպանվում է Սաուդյան Արաբիայի և Իրանի մեջ։ Ակնհայտ է, որ ամերիկացիները իրաքա-աֆղանական ոչ այդքան հաջող փորձից հետո Իրանի պարագայում փորձելու են իրավիճակը ոչ ուղղակիորեն վերահսկելի դարձնելու տարբերակը։ Այսպիսի իրավիճակում Իրանի դեմ օղակը բոլոր կողմերից սեղմելու համար Արևմուտքին անհրաժեշտ է լինելու իրադրությունը սրել նաև մեր տարածաշրջանում։ Իսկ այդպիսի գործողության համար լավագույն միջոցը Արցախի հիմնախնդիրն է։ Այստեղ շղթան պարզ հաջորդականություն ունի․ նախ, Արցախի հիմնախնդրի լուծումը (որը կարծես ոչ մի կերպ հայանպաստ չէ արևմտյան պատկերացմամբ) քիչ թե շատ առավել ապահով է դարձնելու Ադրբեջանին էներգետիկ անվտանգության առումով։ Այդպիսով, Իրանի համար թշնամական հանդիսացող Իսրայելի դաշնակից Ադրբեջանն ամրապնդելու է աշխարհաքաղաքական դիրքերը՝ հարմար հարթակ դառնալով Իսրայելի և նրա հովանավորյալ ԱՄՆ-ի կողմից հակաիրանական գործողությունների իրագործման համար։
Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում։ Այս հարցն, իհարկե, տեղին կլիներ, որ լրագրողական ոլորտի ներկայացուցիչները հղեին երկրի գլխավոր լրագրողին, ով պատերազմական, բայց ոչ խաղաղ պայմաններում, սահմանադրությամբ օժտված է երկրի գերագույն հրամանատարի լիազորություններով։ Սակայն, նկատի առնելով լրատվական դաշտի ոչ պրոֆեսիոնալիզմը, քարոզչական գործիք լինելն ու վարչապետի փառատոնային և ստեղծագործական խիստ զբաղվածությունը, հարցին փորձենք անդրադառնալ զուտ պետական շահերի դիտանկյունից։
Այսպես, Հայաստանի աշխարհագրական դիրքը և աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ պայմանները պարտադրում են մեզ աստիճանաբար բալանսավորված քաղաքական կուրսից անցում կատարելու ընտրողական քաղաքականությանը։ Պատմականորեն մենք այդպիսի իրավիճակում ենք հայտնվել նաև Տիգրան Մեծից հետո նրա որդի Արտավազդ 2-րդի և թոռան՝ Արտաշես 2-րդի կառավարման շրջանում։ Մի կողմում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է և բնական դաշնակից Իրանը, մյուս կողմում՝ Արևմուտքը։ Ներկա քաղաքական իշխանության ապաշնորհ կառավարումը հուշում է, որ ՌԴ հետ «փայլուն» հարաբերությունները ավելի են խորացնելու արհեստականորեն հակառուսական տրամադրվածությունները, հետևաբար՝ Սորոսի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իշխանությունը զավթած Փաշինյանի համար նախընտրելի է լինելու արևմտյան վեկտորը։ Իր դերը խաղալու է նաև ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքը։ Եթե այս «միայն բիզնես» ոճի մեջ ռուսաստանյան քաղաքականությունն իր շարունակությունը գտնի՝ տրորելով տարածաշրջանում իր դաշնակից Հայաստանի շահերը, ապա, նկատի առնելով թուրքական գործոնի կողմից հայկականությանը, գոյապահպանմանն ուղղված սպառնալիքը, իրապես խնդիր է ծագելու հայ-ռուսական հարաբերություններում։ Սակայն, եթե նախկին իշխանության վարած քաղաքականության շնորհիվ այս հարցում հայկական կողմը չուներ իր մեղքի բաժինը, ապա այժմ Փաշինյանի հանդեպ ռուսական անվստահությունը նկատելի ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա։
Իսկ այժմ, երբ ուժային կառույցներից երկուսի ղեկավարները հրաժարական են տվել, և ըստ որոշ աղբյուրների, պատրաստվում է նաև Տոնոյանի հրաժարականը, ապա պետք է կարծել, որ փաշինյանական իշխանությունը Հայաստանին պատրաստվում է ներքաշել պատերազմական արկածախնդրության մեջ, որի հետևանքները թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛, մասնավորապես, մյուս հայկական պետության՝ Արցախի համար անդառնալի կարող են լինել։ Ուստի հարկ է, որպեսզի Հայաստանում իշխանությունը ամբոխից վերադարձնի առավել ինտելեկտուալ, պետական մտածողությամբ օժտված հատվածը՝ այդպիսով զերծ պահելով մեր պետությանը մի խումբ ավանտյուրիստների վտանգավոր խաղերից։

Գրիգոր Համբարձումյան

SHARE