Գլխավոր Միջազգային Եվրամիությունը զգուշացրել է Թուրքիային ռազմական ճանապարհով հարցեր չլուծել Սիրիայում

Եվրամիությունը զգուշացրել է Թուրքիային ռազմական ճանապարհով հարցեր չլուծել Սիրիայում

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում պատրաստվող ռազմական գործողությունների հնարավորությունն անհանգստություն է պատճառել Եվրոպական միությանը: Այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:

Մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «ԱՄՆ-ի և Թուրքիայի վերջին հայտարարությունների ֆոնին, հասկանալով նաև Թուրքիայի առաջ հասունացած անվտանգության խնդիրները՝ մենք հայտարարում ենք, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով»:

Կոսյանչիչը նաև նշել է, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները կվնասեն ոչ միայն տեղի խաղաղ բնակչությանը, այլ նաև ԵՄ-ի բոլոր նախաձեռնություններին այդ տարածքում: Պաշտոնյան նաև խորհուրդ է տվել Թուրքիային ավելացնել ջանքերը հարցի խաղաղ լուծման, բնակչության անվտանգության ապահովման, ինչպես նաև հումանիտար օգնության գծով:

Կոսյանչիչը հակադարձել է նաև Թուրքիայի այն հայտարարություններին, ըստ որոնց ռազմական գործողությունների արդյունքում սիրիացի փախստականները պետք է բնակեցվեն այդ տարածքներում՝ ասելով, որ Սիրիայում առանց քաղաքական լուծման իրենք անհնար են համարում փախստականների վերադարձը:

SHARE