Գլխավոր Միջազգային Իրանի կառավարությունից մեկնաբանել են Բոլթոնի հրաժարականը

Իրանի կառավարությունից մեկնաբանել են Բոլթոնի հրաժարականը

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը, հայտարարել է, որ հեռացել է պատերազմի եւ տնտեսական ճնշման ամենախոշոր կողմնակիցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ջոն Բոլթոնը շատ ամիսներ առաջ խոստացել էր, որ 3 ամսից Իրանը չի լինի: Մենք մինչեւ հիմա կանգուն ենք, իսկ նա հեռացավ: Պատերազմի եւ տնտեսական ճնշման կողմնակցի հեռացումով Սպիտակ տունը Իրանի իրողությունները հասկանալու ավելի քիչ խոչընդոտներ կունենա»,- նշել է Ռաբիին Twitter-ում:

Իրանի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, պատասխանելով ամերիկացի լրագրողի՝ Բոլթոնի հրաժարականը մեկնաբանելու խնդրանքին, հայտարարել է, որ նախարարությունը ԱՄՆ ներքին գործերի վերաբերյալ որեւէ հայտարարություն չի հրապարակի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին խնդրել է հրաժարական ներկայացնել նրա հետ տարաձայնությունների պատճառով: Նա հայտնել էր, որ նախատեսում է հաջորդ շաբաթ հայտարարել, թե այդ պաշտոնում Բոլթոնին ով կփոխարինի: Բոլթոնն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդին ինքն է առաջարկել իր հրաժարականը:

SHARE