Գլխավոր Միջազգային Վրաստանի նոր կառավարությունն սկսել է աշխատանքը

Վրաստանի նոր կառավարությունն սկսել է աշխատանքը

Վրաստանի կառավարությունը՝ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ, սկսել է ծառայողական պարտականությունների կատարումը, տեղեկացրել են կառավարության մամուլի ծառայությունում։

Գախարիան ավելի վաղ զբաղեցնում էր ՆԳՆ ղեկավարի պաշտոնը եւ ամենապոպուլյար նախարարներից մեկն էր, բայց հատուկ ջոկատի կողմից Թբիլիսիում հունիսին հակառուսական ցույցի ցրումից հետո ցուցարարները պահանջում էին նրա հրաժարականը։ Բայց եւ այնպես, Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 8-ին ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել Գախարիային եւ նրա կառավարությանը։

«Վարչապետ Գեորգի Գախարիան եւ նրա բոլոր նախարարները սկսել են աշխատանքը»,- ասել են գերատեսչությունում։

Գախարիան արդեն ստորագրել է հրամանագիր նախարարների նշանակման մասին։ Կառավարության նոր կազմում ընդամենը երկու փոփոխություն կա, երկուսն էլ՝ ուժային գերատեսչություններում։ Գախարիան ներքին գործերի նախարարի թափուր պաշտոնում առաջարկել է Վախթանգ Գոմելաուրիին, որը ղեկավարում էր Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նախկին վարչապետ, կառավարող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրենց տեղերը պահպանել են ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Մայա Ծկիտիշվիլին, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, աշխատանքի եւ առողջապահության նախարար Էկա Թիկարաձեն, մշակույթի նախարար Միխայիլ Բաթիաշվիլին, հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթեւան Ցիխելաշվիլին։

SHARE