Գլխավոր Հիմնական Ամուլսարը հանք է մնալու

Ամուլսարը հանք է մնալու

Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներից մեկում՝ Ամուլսարը Փաշինյանի համար փակուղային հարց է: Զուր չէ, որ նա քանիցս հետ է կանգնել այս հարցում նախկինում արված իր մի շարք հայտարարություններից: Այսօր էլ նա իր հերթական լայվի ժամանակ պնդեց, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի: Հանքն ինքնին ապահովվում է բրիտանական շահերի ներկայությունը Հայաստանում. այն շահերի, որոնք մեկ հարյուրամյակից ավելի տեղ չէին գտնում հայկական լեռներում: Ընդ որում՝ եթե հաշվի առնենք, որ եվրոպական գերտերություններից Հայաստանում ֆրանսիական շահերն էին, ռազմավարական տեսանկյունից, մասնավորապես՝ ՀՀ պետական շահերից բխող, ռուսական շահերը, ապա այժմ Ամուլսարի գործոնը, փաստորեն, ամրագրելու է անգլո-ամերիկյան շահերը:

Ստացվում է, որ Հայաստանում ներգրավված են գրեթե բոլոր ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերը, բացառությամբ թերևս չինականի: Թեև, այլաբանորեն ասած, Չինաստանի հզորությունն ավելանում է այնպես, ինչպիսի արագությամբ մեծանում էր Սասունցի Դավիթը, այն է՝ օրեցօր, սակայն Հայաստանի իշխանությունները արդեն իսկ կորցրել են իրենց շանսը չինական կապիտալի ներգրավվման համար, երբ վերջերս ՉԺՀ-ում կայացած մեծ ներդրումային պոտենցիալով համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավարությունը բնապահպանության նախարարի մակարդակով էր:

Ամուլսարը գուցե տնտեսական առումով կարող է շահավետ լինել, այդուհանդերձ քաղաքական ռիսկերը պարզորոշ են: Եթե նախկին իշխանությունները, ի դեմս՝ նախագահ Սերժ Սարգսյանի, հստակորեն կարողանում էին հավասարակշռել արտաքին մարտահրավերներն ու հնարավորինս նվազեցնել դրանց ռեալիզացման ռիսկայնությունը, ապա ներկա իշխանությունները կառավարման գրեթե մեկուկես տարում ի ցույց են դրել իրենց անկարողությունը և դիվանագիտական նյուանսների, բանակցությունների վարման հմտությունների հարցում իրենց սնանկությունը:

Իրադարձությունների ընթացքն աստիճանաբար ընդգծում է, որ Ամուլսարը եթե ոչ տապանաքարը, ապա միանշանակ դառնալու է ներկա իշխանությունների քաղաքական ապագայի գերեզմանափոսը: Ի վերջո, որքան էլ ներկա ժամանակներում որոշակի տենդենցներ են փոխվել, ինչի մասին հաճախ կրկնում է վարչապետ Փաշինյանը, պետական կառավարման ձևերի և հմտությունների հեծանիվը վաղուց է հորինված: Ու քանի դեռ Փաշինյանը Պլատոնի «Պետություն», Արիստոտելի «Քաղաքականություն» և այլ այսօրինակ հեղինակների աշխատությունների փոխարեն նախընտրում է ընթերցել «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, միջազգային ասպարեզում նրան շարունակելու են այնքան լուրջ չվերաբերել, որ ի նշան հեգնանքի նվիրելու են Դ. Գուդվինի «Leadership: In Turbulent Times» գիրքը, ինչպես վարվեցին «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները Երևանում Փաշինյանի հետ հանդիպմանը:

Գրիգոր Համբարձումյան

SHARE