Գլխավոր Հիմնական Քաղաքական օրակարգի սնանկությունը

Քաղաքական օրակարգի սնանկությունը

Երբ քո իսկ հովանավորչությամբ քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, որը տվյալ դեպքում դերասան Մարությանն է, չի կարողանում հստակորեն կատարել իր կառույցի կառավարման գործառույթը, դու՝ որպես նրա քաղաքական կուսակցության և վարչապետ, պետք է հրավիրես նրան հրապարակային «պախարակման»: Փաշինյանն, առաջին հայացքից, հենց այս տրամաբանությամբ էլ այսօր ֆեյսբուքյան լայվի միջոցով քննարկման էր հրավիրել Հայկ Մարությանին։ Սակայն ի՞նչ տեղի ունեցավ այդ «քննարկման» ընթացքում․ ինչպես մնացյալ բոլոր դեպքերում՝ պարզվեց, որ «սաղ նախկիններն են մեղավոր», «խանգարում են աշխատել», «սաբոտաժ են անում»:
Այդպիսով, փաստորեն, ի ցույց ես դնում սեփական քաղաքական ուժի սնանկությունը։ Եթե քո ղեկավարած ուժը իշխանության է եկել՝ թիկունքում ունենալով ստվար ընտրազանգվածի աջակցությունը, տրամաբանությունը և օրինաչափությունը հուշում են, որ այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող քեզ խանգարել, քանի որ դու զավթել ես խանգարողիդ լծակները։ Մինչդեռ ի՞նչ է ստացվում․ որ բոլոր լծակները ՀՀԿ-ի ձեռքո՞ւմ են։ Այդ դեպքում ի՞նչ հեղափոխության մասին է այդքան հպարտ ձայնով բացականչում Նիկոլ Փաշինյանը, եթե նա չունի իշխանությանն անհրաժեշտ լծակները։
Մյուս դեպքում՝ ստացվում է, որ կախարդական փայտիկի առկայությունը փաստող և դրա արդյունքների գրանցման մասին ԱԺ ամբիոնից խոսող Նիկոլ Փաշինյանը ստել է։ Ստել է ամենաստոր ձևով, քանի որ իրականությունն այլ բանի մասին է վկայում։ Ներկա իշխանությունները չունեն կամք, չունեն որևէ կարողություն, ունակություն և հմտություն քաղաքական իշխանության առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Զուր չէ, որ սեփական անկարողությունն արդարացնելու համար Փաշինյանն ինչ-որ անհասկանալի ծագման գաղտնի փաստաթուղթ էր իբր գտել՝ թվագրված 2014թ․, որում իբրև թե ասվում էր, որ պետական ինստիտուտները ձախողված են։
Մենք նախկինում արդեն իսկ հստակեցրել ենք, որ անիմաստ է ներկա իշխանությանը որևէ հարցադրումներ անելը։ Այստեղ միակ հարցը, որ ծագում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ավարտի ժամկետներն են։ Արդյո՞ք Փաշինյանի կեղծ-փրկչական առաքելությունն իր տրամաբանական վախճանին կհասնի գալիք աշնանը, թե՞ կձգվի մինչ 2020թ․ գարուն։
Ի վերջո, որքա՞ն կարելի է կառավարման հմտությունների բացակայությունը պայմանավորել ինչ-որ Սանիթեկով կամ նախկիններով։ Այս ամենի հետևանքն այն է, որ դեռ երեկ անձամբ Փաշինյանի համար նույնիսկ ընտանեկան խռովության պատրաստ ամբոխային զանգվածը գալու է գիտակցության։ Իսկ երբ այդ գործընթացը հասնի իր գագաթնակետին՝ Հայաստանին սպասվում է երկու ճանապարհ՝ նոր սահմանադրական կարգի տապալման փորձ կամ հրաժարական։ Ընդ որում՝ երկու սցենարներն էլ բերելու են դեռևս անկախության տարիներին ձևավորված համակարգի փլուզման։ Եվ հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենալու այն, ինչի մասին այդքան խոսում, բայց ունակություն չունի իրագործելու Փաշինյանը, այն է՝ դասական իմաստով, հեղափոխություն։

Գրիգոր Համբարձումյան

SHARE