Գլխավոր Միջազգային Վրաստանը Ռուսաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը

Վրաստանը Ռուսաստան տանող նոր ճանապարհի շինարարությունը կսկսի մինչեւ 2019-ի վերջը

Վրաստանում ռուս-վրացական սահման տանող նոր ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի մինչեւ 2019-ի վերջը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Մամուկա Բախտաձեն ելույթ է ունեցել ավտոմոբիլային դեպարտամենտի վեց ամսվա աշխատանքի արդյունքների մասին հաշվետվության ներկայացման ընթացքում, հայտնում է Նովոստի Վրաստանը:

Օգոստոսի սկզբին Ասիական զարգացման բանկը Վրաստանին 415 մնլ դոլարի չափով վարկ էր տրամադրել նոր ավտոճանապարհի կառուցման համար:

Նախագիծը մասշտաբային ծրագրի մի մասն է, որը կնպաստի տրանսպորտային ցանցի բարելավմանը, ինչպես նաեւ Վրաստանի ՝ որպես տարածաշրջանի առեւտրային և տուրիստական կենտրոնի հաստատմանը:

ԱԶԲ-ն նշում է, որ սա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի վերականգնման շրջանակում առաջին նախագիծն է, «որը կենսականորեն կարեւոր տարանցիկ ուղի է Վրաստանի, Հայաստանի եւ տարածաշրջանային առեւտրային գործընկերների համար»:

Մի քանի օրից կստորագրվի համաձայնագիր, եւ մինչեւ տարեվերջ կսկսվի երկրորդ նախագիծը՝ Կոբի-Գուդաուրի արագընթաց ավտոճանապարհը, որը պատմական նշանակություն ունի:

Դա կլինի Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը՝ ամենաերկար թունելներից մեկով: Իհարկե, դրա համար ներդրումներ են անհրաժեշտ, եւ այդ ներդրումներն արդեն ներգրավվել եւ ստորագրվել են», – նշել է Բախտաձեն:

Քվեշեթի-Կոբի հատվածը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի վրա: Սա Արեւմուտք-Հարավ տարանցիկ միջանցքի մի մասն է:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 22,7 կմ երկարությամբ ասֆալտբետոնե ճանապարհի, վեց կամուրջների եւ հինգ թունելների, ներառյալ 9 կիլոմետրանոց թունելի շինարարություն: Թունելը կանցկացվի Ջվարի լեռնանցքի միջով Ցկերե գյուղից մինչեւ Կոբի գյուղ: Այս թունելը կլինի Վրաստանի ամենաերկար թունելը:

Ճանապարհն անցնում է բարդ աշխարհագրական երթուղով եւ ձմռանը բնութագրվում է ձյան առատ տեղումներով: Ծրագրի ավարտից հետո այս հատվածով տարանցիկ հաղորդակցությունը կախված չի լինի եղանակային պայմաններից:

Նախագծի արժեքը մոտ 558,6 միլիոն դոլար է: 60 միլիոն դոլարի չափով ֆինանսավորում կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, իսկ Վրաստանի կառավարությունը կհատկացնի 83,6 միլիոն դոլար:

«Երբ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման մասին, պետք է նկատի ունենանք, թե դա ինչ լրացուցիչ օգուտներ է բերելու մեր քաղաքացիներին, եւ դրա լավագույն օրինակը անցյալ տարի իրականացված ճոպանուղու նախագիծն էր, որը Կոբին կապում էր Գուդաուրիի հետ:

Արդյունքում ունեցանք այն, որ Կոբին վերակենդանացավ, եւ այսօր դուք փաստացի չեք տեսնի ազատ տարածք, որը չի քննարկվում նոր հյուրանոցի կամ նոր տուրիստական օբյեկտի կառուցման համար … Անձամբ ինձ համար սա ուղեցույց է, թե ինչպես մենք պետք է Վրաստանում զարգացնենք ենթակառուցվածքները», – ընդգծել է Բախտաձեն:

Գոյություն ունեցող 35 կիլոմետրանոց Ռազմական-Վրացական ճանապարհը, որից ամեն օր օգտվում է 3.5 հազար մեքենա, համարվում է Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկը:

Տարեկան ավելի քան 40 օր, հիմնականում ձմռան շրջանում, ճանապարհը փակում են, ինչը խնդիրներ է առաջացնում ճանապարհորդների եւ բեռնափոխադրողների համար:

Այս պահին սա միակ գործող մայրուղին է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ:

2014-ի մայիսին այս տարածքում ողբերգություն էր տեղի ունեցել. այս վայրերի համար օդի անսովոր բարձր ջերմաստիճանի պատճառով Կազբեկ լեռան հյուսիսարեւմտյան լանջից թափվել էր Դեւդորակի սառցադաշտի մի մասը: Արդյունքում, հզոր ցեխաքարային հոսքը լցվել էր Դարիալի կիրճ եւ փակել Թերեք գետի հունը ՝առաջացնելով ջրհեղեղ եւ ավերելով ճանապարհը: Այդ ժամանակ վեց մարդ մահացել էր:

SHARE