Գլխավոր Միջազգային Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն չորրորդ անգամ ուշացել է կարևոր հանդիպումից՝ կառավարական ինքնաթիռների...

Գերմանիայի ԱԳ նախարարն արդեն չորրորդ անգամ ուշացել է կարևոր հանդիպումից՝ կառավարական ինքնաթիռների անսարքության պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը երկուշաբթի՝ օգոստոսի 12-ին, չի կարողացել ժամանակին մեկնել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ կառավարական ինքնաթիռի անսարքության պատճառով, հաղորդում է DW-ն:

«A321 ինքնաթիռը Բեռլինում փոխարինվել է մեկ այլ ինքնաթիռով՝ օդափոխության փականի անսարքության պատճառով»,-Twitter-ում հայտնել են գերմանական ռազմաօդային ուժերը:

Հաղորդվում է, որ այդ պատճառով ԱԳ նախարարի ինքնաթիռը նախատեսված ժամից կես ժամ ուշ է թռիչքն իրականացրել:

Ավելի ուշ վերալիցքավորման նպատակով նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսլանդիայի Կեֆլավիկ օդանավակայանում, որտեղ խնդիրներ են առաջացել ինքնաթիռի ամբողջական լիցքավորման հետ կապված, ուստի Մաասն ու նրա պատվիրակությունը ստիպված է եղել իջնել ինքնաթիռից և սպասել տերմինալում:

Հիշեցնենք, որ մայիսին Մաասը չէր կարողացել ժամանակին մեկնել Բուլղարիա՝ ինքնաթիռի օժանդակ տուրբինի անսարքության պատճառով։ Իսկ ապրիլի 1-ին Գերմանիայի ԱԳ նախարարն ուշացել էր ՄԱԿ-ում կայացած հանդիպումից՝ կրկին ինքնաթիռի անսարքության պատճառով։ A340 օդանավի վայրէջքի ժամանակ պայթել էր շասսիի անիվներից մեկը:

Փետրվարին Մաասը կառավարական ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով չէր կարողացել թռչել Մալիի մայրաքաղաք Բամակոյից: Այդ ժամանակ աֆրիկյան երկրից գերմանական պատվիրակությանը տեղափոխել էր մեկ այլ կառավարական ինքնաթիռ:

SHARE