Գլխավոր Հիմնական Էներգետիկ անվտանգության հիմնախնդիրը

Էներգետիկ անվտանգության հիմնախնդիրը

Հայաստանի արտաքին սպառնալիքների և անվտանգության խնդիրների մասին խոսվում է արդեն գրեթե 3 տասնամյակ։ Սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ աշխատանքների առումով Հայաստանում երկրի նախկին երեք ղեկավարների շրջանում տարվել են որոշակի աշխատանքներ։ Անկախությունից ի վեր պետականակերտման ակունքներում կանգնած Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին բանակի մարտունակության ամրապնդման հարցում զգալի առաջընթաց էր տեղի ունեցել, առաջ էր քաշվել «Ազգ-բանակ» հայեցակարգը, որը նպատակ ուներ հասարակության և բանակի կապն ամրացնել։ Ի դեպ, դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարում ընդունվել էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը, որը թերևս կթարմացվեր, եթե տեղի չունենար նախորդ տարվա իշխանափոխությունը։
Ազգային անվտանգության սպառնալիքների շարքում տեխնոլոգիական զարգացման պայմաններում առաջնային տեղ է զբաղեցնում էներգետիկ անվտանգությունը։ Եվ դա առավել, քան ակնառու էր երեկ, երբ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի և Երևանի ՋԷԿ-ի խաթարման պատճառով մի քանի ժամ ամբողջ հանրապետության տարածքում հոսանքազրկումներ էին և հաղորդակցման խնդիրներ, քանի որ բջջային օպերատորների միջոցով կապ հաստատելու խոչընդոտներ էին ի հայտ եկել։ Էներգետիկ անվտանգությունը Հանրապետական կուսակցության իշխանություն եղած տարիներին կարևորագույն հիմնախնդիրներից էր։ Ուստի էներգետիկ դիվանագիտության խողովակներով սպառնալիքների նվազման և կանխարգելման աշխատանք էր տարվում։

Մինչդեռ ներկա իշխանությունները կարծես թե կա՛մ պատկերացում չունեն, թե ինչ ասել է անվտանգության սպառնալիք և ինչ միջոցառումներ է անհրաժեշտ ձեռնարկել անվտանգության խնդիրներին դիմակայելու համար, կա՛մ նրանց առջև խնդիր է դրված հնարավորինս թուլացնել ՀՀ անվտանգության համակարգը։ Օրինակ, Սասուն Միքայելյանը, լինելով Արցախյան պատերազմի մասնակից, հայտարարել էր, թե իշխանափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակը։ Նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ երևակայական դավադիրներ է փնտրում Արցախում, նրա կողմնակիցները պառակտում են հրահրում, ներքին թշնամիներ են հռչակում, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիևը, ըստ նույն Փաշինյանի, քաղաքակիրթ է։ Բացի այդ՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ շրջանցում է Արցախի հիմնախնդիրը՝ խոսելով ինչ-որ ընդհանուր միջազգային անվտանգության սպառնալիքներից։ Ավելին՝ երեկվա միջադեպը էներգաբլոկի աշխատանքի խաթարման հետ կապված մարտահրավեր է Հայաստանի անվտանգությանը։ Այն, որ նման միջադեպ եղավ, վկայում է, որ ՀՀ ներկա իշխանությունները բացարձակապես կոմպետենտ չեն անվտանգության հարցերում։ Համեմատության համար՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին նման բան տեղի չէր ունեցել։ Առհասարակ Սերժ Սարգսյանի օրոք անվտանգության խնդիրներին առաջնային ուշադրություն էր դարձվում։
Այդուամենայնիվ, մեծիմասամբ ցավոք, հարկ է նշել, որ քանի դեռ Հայաստանում Փաշինյանի ոչ կոմպետենտ կադրերից բաղկացած իշխանությունն է, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսկման դեպքում առավելագույնն, ինչի վրա կարող ենք հույս դնել՝ սեփական բանակի փորձառու սպայական կազմի պրոֆեսիոնալիզմն է, մասնավորապես՝ ժամանակին որոշումներ կայացնելու ունակությունը, և շարքային զինվորների մարտունակ ոգին, մինչդեռ այս վարչապետը գլխավոր հրամանատարի իր կարգավիճակին ոչ համապատասխան տեղում է։ Ի վերջո, նորմալ չէ, երբ բանակի բարձրագույն սպայական կազմի համար դասախոսություն է կարդում բանակում չծառայած փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ինչպես կասեր երրորդ նախագահը՝ խոհեմություն մեր երկրին․․․

SHARE