Գլխավոր Հիմնական Ֆեյսբուքչի վարչապետը, լայվի արքան

Ֆեյսբուքչի վարչապետը, լայվի արքան

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրից ավելի շատ ժամանակ է անցկացրել ֆեյսբուք սոցիալական ցանցում, քան իր պաշտոնավարման շրջանակներում որևէ գործունեություն իրականացնելիս։
Երկրի ղեկավարի մակարդակով ֆեյսբուքի լայքերի, յութուբում իր հարցազրույցի ներքո բազմաթիվ դիսլայքերի մասին խոսելը, համաձայնեք, ամոթալի է։ Վարչապետի պաշտոնը ենթադրում է որոշակի լրջության մակարդակ (զուր չէ, որ ՀՅԴ-ն իր վերջին ցույցի ժամանակ օգտագործել էր «ԼՐՋԱՑԵ՛Ք» կարգախոսը)։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից զբաղված է միայն ինչ-որ հիստերիայով լեցուն լայվեր անելով, սելֆիներով ու տարբեր էքսպոներին ուտելու իր ունակությունները ցուցադրելով։
Այնպիսի տպավորություն է, թե նա ոչ թե պետության ղեկավար է, այլ ռեալիթի-շոուի աստղ։ Հայաստանն էլ նրա համար վերածվել է էժանագին «Կիսաբաց լուսամուտների»։ Փաշինյանը նմանվել է այն առյուծ կտրած ֆեյսբուքյան մեկնաբանողներին, որոնք կեղծ օգտահաշիվների միջոցով այս ու այն կողմ հայհոյում են, բայց սոց․ցանցերից դուրս իրական կյանքում կատվի մլավոց են արձակում։ Այդպես էլ մեր սիրելի վարչապետը հանրահավաքներին բոլոր օլիգարխներին սպառնում էր ասֆալտին փռել, պատերով տալ, բայց որևէ այդպիսի դեպքի մինչ օրս ականատես չեղանք։
Ինչևէ, Փաշինյանը՝ ի հեճուկս իր քաղաքական թիմի անդամ Արման Եղոյանի երեկվա հայտարարության, թե պետք չէ վախենալ «իզմերից», այսօր ՔՊ հերթական համագումարի ժամանակ կրկին վերահաստատեց այն միտքը, որ իրենք որևէ գաղափարախոսության հետևորդ չեն։ Լինել քաղաքական կուսակցություն և չունենալ որևէ գաղափարախոսություն․ սա պարադոքս է։ Եթե խոսում ենք ժողովրդավարությունից, ուրեմն՝ պետք է դիտարկենք նաև ընտրությունները։ Իսկ որևէ ընտրությունների նախապատրաստվելիս պետք է ընտրազանգվածին ներկայացնել նախընտրական ծրագիր։ Վերջինս էլ ունենալու համար որպես դրա հիմք պետք է ծառայի կուսակցության բռնած գաղափարախոսական ուղին, այն է՝ արդյոք լիբերա՞լ է կուսակցությունը, սոցիալիստակա՞ն և այլն։ Ավելին՝ նույնիսկ միակուսակցական համակարգեր ունեցող պետություններում իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացած կուսակցությունը ունի որոշակի գաղափարախոսություն։ Դրա բացակայությունը խոսում է այն բանի մասին, որ տվյալ ուժը, այս պարագայում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ուղղակիորեն արժեզրկում է պետությունը՝ որպես այդպիսին։ Թեև այն ինչ տեսել ենք վերջին մեկ տարում այս իշխանությունների կողմից՝ եղել է ազգային արժեհամակարգի քայքայումը․ վառ վկայությունն է՝ ԼԳԲՏ քարոզչության խրախուսումը։
Այն, որ քաղաքական դիսկուրսի մեջ չմտնող կուսակցությունն արագորեն զրկվելու է իշխանությունից, փաստ է, քանի որ եթե ընտրազանգվածին առաջարկելու որևէ հայեցակարգ չունես՝ ընտրազանգվածդ կորցրել ես։ Երեկ, երբ Վատիկանում, Պորտուգալիայում և Մալթայում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հերթական հոդվածը հրապարակվեց, որում վերջինս խոսում էր հասարակության ներսում պառակտման վտանգավոր հետևանքներից, ի՞նչ եղավ Փաշինյանի իշխանական շրջանակների պատասխանը․ իշխանական պաշտոնաթերթ դարձած «Հայկական ժամանակում» հոդված հրապարակվեց վարչապետի՝ յութուբում տեղադրած Շանթին հարցազրույցի վիդեոյի ներքո լայքերի ու դիսլայքերի մասին։ Քաղաքական էլիտան պարզապես իրավունք չունի նման կերպով անլրջացնելու պետությունը։ Հակառակ պարագայում՝ նրան սպասում է կատարյալ ֆիասկո։ Միայն ցավալի է, որ նկատի առնելով Հայաստանի շուրջ արտաքին սպառնալիքները՝ այդ ֆիասկոն բացասաբար անդրադառնալու է ոչ միայն Փաշինյանի ղեկավարած քաղաքական կուսակցությանը, այլև երկու հայկական պետություններին՝ Հայաստանին և Արցախին։

Գրիգոր Համբարձումյան

SHARE