Գլխավոր Հասարակություն Վերաքննիչը բողոքների քննությունը մեկնարկեց՝ Քոչարյանի պաշտպաններին մերժելով

Վերաքննիչը բողոքների քննությունը մեկնարկեց՝ Քոչարյանի պաշտպաններին մերժելով

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատական նիստը հետաձգելու մասին։ Պաշտպանը իր միջնորդությամբ տեղեկացրել էր, որ բողոքների վերաբերյալ ինքն ունի ելույթ ու պետք է ներկայացնի որոշ հակափաստարկներ, ուստի խնդրել էր ՀՀ-ից բացակայելու հիմքով հետաձգել նիստը։

Սակայն մեղադրող կողմը առարկեց ներկայացված միջնորդությանը։ Դատախազ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ Խուդոյանը Ռոբերտ Քոչարյանի միակ պաշտպանը չէ, և նրա բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ բողոքների քննությանը։ Տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս առարկեց ներկայացված միջնորդությանը։

Դատավորը միջնորդությունը մերժելու մասին որոշումը հրապարակելիս պատճառաբանեց, որ վերաքննիչ բողոքների վերաբերյալ մեծ ծավալների անելիք ունի և Խուդոյանի ներկայությունն ապահովելու միջնորդությանը կարող է անդրադառնալ որոշ ծավալ սպառելուց հետո։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Գլխավոր դատախազությունը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

SHARE