Գլխավոր Հասարակություն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Մայիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի միջնաժամկետ ուսումնասիրում կատարելու նպատակով Հայաստան ժամանած ՀԲ պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ՀՀ գլխավոր դատախազության համագործակցությունը՝ հատկապես ընդգծելով պետական հատվածի արդիականացման նախորդ երկու ծրագրերի շրջանակում դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները: Կարևորվել է հատկապես ազդարարման համակարգի էլեկտրոնային հարթակի գործարկումը որպես կոռուպցիայի դեմ համապարփակ պայքարի գործիք:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման համատեքստում առաջիկայում նախատեսվում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքի մշակման աշխատանքների մեկնարկը, որի նախագծման համար ստեղծվելու է աշխատանքային խումբ:

Պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրվել են մինչդատական քրեական վարույթում գտնվող գործերի կառավարման թվային համակարգի ներդրման հեռանկարներով: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ  նշել է, որ ՀՀ դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարևորագույն այդ համակարգի հնարավորինս շուտ ներդրման և գործարկման հարցում: Գլխավոր դատախազը հավելել է, որ համակարգի ներդրումը կարող է արդյունավետ և նպատակային լինել միայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման պարագայում՝ վստահություն հայտնելով, որ առաջիկայում այս ուղղությամբ գործնական քայլեր կիրականացվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը հավաստել են իրենց պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը:

SHARE