Գլխավոր Տեսանյութեր Հաստատվել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների...

Հաստատվել է ՀՀ կառավարության 2019-2023 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգին անցնելը՝ փոխվարչապետն անդրադարձել է երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին: «Ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ: Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. 2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է մոտ 20 տոկոս: Այդ առումով միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է 3 հենասյուների վրա՝ մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ»,- ասել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ այս 3 ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու: Փոխվարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև հունիսի 15-ը սահմանել թիրախները և ժամանակացույցը, որովհետև միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են:

Այնուհետ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մանրամասներ է ներկայացրել հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի գործարկումից: Փոխնախարարը, մասնավորապես նշել է, որ համակարգի գործարկումն իրականացվել է բազմաթիվ փորձարկումներից հետո: Ըստ նրա՝ այսօր ժամը 10:45-ի դրությամբ առցանց համակարգում արդեն 9321 երեխա է հերթագրվել. տեխնիկական խնդիր է եղել շուրջ 100 երեխաների հետ կապված: «Խնդիր է եղել ծանրաբեռնվածության մասով: Այդ տեխնիակական խնդիրներն արագ հարթվել են»,-նշել է Արևիկ Անափիոսյանը՝ հավելելով, որ առաջին դասարանցիների կանխատեսվող ցուցանիշի 75-80 տոկոսն արդեն հայտագրվել է:

Փոխնախարարն նշել է, որ համակարգն այսուհետ անխափան կաշխատի և ծնողները կարող են իրենց երեխաներին առանց որևէ խնդրի համակարգում հայտագրել:

«Մենք սրանով փաստորեն վերջ դրեցինք այն համակարգին, որ խնամի-ծանոթ-բարեկամով գրանցում էին դպրոցներում: Դրվեց թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը, կարծում ենք նաև, կփոխի մշակույթ՝ կա կարգ, կա օրենք, որին պետք է հետևենք, և բոլոր քաղաքացիները այդ կարգի ու օրենքի առաջ հավասար են»,-ասել է Արևիկ Անափիոսյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, միջոցառումների ծրագիրը համախմբված է 22 պետական մարմինների կողմից ներկայացված ծրագրերից: Ըստ փոխվարչապետի՝ տեղի են ունեցել քննարկումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Կառավարության նիստին որոշ գերատեսչությունների ղեկավարների կողմից բարձրացված մի քանի տեխնիկական հարցերին անդրադառնալու նպատակով փոխվարչապետն առաջարկել է ևս մեկ շաբաթ՝ փաստաթղթում վերջնական խմբագրական աշխատանքներ իրականացնելու համար:

SHARE