Գլխավոր Հասարակություն Երևանի ավագանին կքննարկի այս փողոցների անվանափոխության հարցը

Երևանի ավագանին կքննարկի այս փողոցների անվանափոխության հարցը

Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի փողոցները և Մաշտոցի պողոտայի անվանափոխության հարցը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:

Նախագծում նշվում է, որ փողոցների անվանափոխությունը ներդաշնակ հնչեղությամբ և ամրագրված իմաստով կարող է ազդել քաղաքի հոգևոր մթնոլորտի, ազգաբնակչության հոգևոր-բարոյական վիճակի վրա։

«Մեսրոպ Մաշտոցի անվամբ կոչված պողոտան ներկայումս չի ընդգրկում «սուրբ» ածականը, ինչն անհրաժեշտ է շտկել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ազգն առաջինն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Աշխարհը մեզ ճանաչում է առաջին հերթին հենց այս հանգամանքից ելնելով»,- ասվում է նախագծում:

«Լույս» խմբակցության անդամի առաջարկի հիմնավորման մեջ նաև ասվում է, որ փողոցների անվանափոխությունն ունի զբոսաշրջային լուրջ նշանակություն:

SHARE