Գլխավոր Հասարակություն ՍԱՏՄ ղեկավար. այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան

ՍԱՏՄ ղեկավար. այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ, կազմակերպել են «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ:

Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով ոլորտի բոլոր մասնակիցներին, ասել է, որ մոտեցումն ուսումնական գործընթացին արմատապես փոխվելու է: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնաֆերմա, որն անասնաբույժ ուսանողների համար լսարանից դուրս սովորելու և աշխատելու սիրելի վայր լինելուց զատ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալու: Ենթակառույցների բարելավման ուղղությամբ մյուս քայլը կլինի անասնաբուժական կլինիկայի վերազինումը և սիմուլացիոն կենտրոնի հիմնումը: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՍԱՏՄ-ի մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն վերապատրաստել մեր դասախոսներին, այլև հնարավորություն տալ մեր ուսանողներին գործնական պարապունքներ անցկացնել իրենց արդիական լաբորատորիաներում»,- ասել է պարոն Ուռուտյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում կարևորելու և առաջին անգամ պետական մակարդակով նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական Տեսչական մարմնի ղեկավարը նշել է,- «Կարծում եմ կկարողանանք ցույց տալ, թե ինչ է անասնաբուժությունը և երիտասարդների մեջ դեպի այս մասնագիտություն կսերմանենք այն սերը, որը մենք ենք ունեցել: Մենք պետք է հասնենք նրան, որ հասարակության բոլոր շերտերը հասկանան և կարևորեն անասնաբույժի դերն ու նշանակությունը մեր երկրի համար»: Մենք այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան՝ ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Գիտաժողովի ընթացքում գիտական շրջանակների ներկայացուցիչները ներկայացրել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդություններ՝ մասնավորապես անդրադառնալով այն հիվանդություններին, որոնք ընդհանուր են մարդու և կենդանիների համար, ներակայացրել դրանց տարածման, կանխարգելման, բուժման վիճակագրությունը, խոսել արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտության մասին

SHARE