Գլխավոր Հասարակություն Գլխավոր դատախազն անդրադարձել է Էդգար Ծատինյանի մահվան դեպքին. Hayeli.am

Գլխավոր դատախազն անդրադարձել է Էդգար Ծատինյանի մահվան դեպքին. Hayeli.am

ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում տարածված տեղեկությունն առ այն, որ քաղաքացի Էդգար Ծատինյանը իրավապահների կողմից բռնության ենթարկվելու և գրպանում միտումնավոր դրված թմրամիջոցը կուլ տալու հետևանքով է մահացել, և հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերն անմիջապես փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն: Ընթանում է վարույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցրեց՝ հետևողական են նման դեպքերին և տեղեկությունները հաստատվելու դեպքում առավել քան խիստ մոտեցում են ցուցաբերելու:

«Անմիջապես նույն օրը այդ դեպքով ունեցած հաղորդման առթիվ նախապատրաստվող նյութերը և համացանցում առկա տեղեկությունը վերցրել և փոխանցել ենք Հատուկ քննչական ծառայությանը: Այս պահին վարույթ է իրականացվում: Վստահ եղեք, որ մենք շատ հետևողական ենք նմանատիպ դեպքերին և եթե այդ հրապարակումներում առկա տեղեկությունները հաստատող փաստական տվյալներ ունենանք, մեր մոտեցումը շատ խիստ է լինելու»,-ասաց դատախազը:

Նա շեշտեց՝ ցանկացած իրավապահ մարմնի աշխատակից, ով այդ բնույթի արարքներ կիրականացնի, այդ պահից կդադարի իրավապահ մարմնի աշխատակից լինել: Դատախազը նկատեց՝ նման արարք գործող իրավապահը շարքային տարրական հանցագործ է և նրա նկատմամբ քրեական պատասխանատվությունն անհամեմատ ավելի մեծ է լինելու, քան ցանկացած այլ հանցագործության պարագայում:

SHARE