Գլխավոր Քաղաքականություն ԱԺ-ի նկատմամբ անհարգալից չեմ եղել, միգուցե պատասխաններս չի բավարարել հարցապնդման հեղինակներին

ԱԺ-ի նկատմամբ անհարգալից չեմ եղել, միգուցե պատասխաններս չի բավարարել հարցապնդման հեղինակներին

ԱԺ Կանոնակարգով հարցապնդման հեղինակն իրավասություն ունի կառավարության առանձին անդամի պաշտոնանկության հարցը վարչապետին առաջարկելու մասին որոշման նախագիծ ներկայացնել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդառնալով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ իրեն պաշտոնանկ անելու առաջարկին։

«Ես ափսոսանքով եմ վերաբերվում, կուզեի, որ կասկածի տակ չլիներ իմ աշխատանքը, բայց նաև օբյեկտիվորեն դրան կարող եմ հանգիստ վերաբերվել: Հակառակ դեպքում՝ կարող էր թվալ, թե ամեն ինչ շատ լավ է, իդեալական է, որը ավելի շատ զգոնությունը թուլացնելուն կօգներ, քան հակառակը։ Իսկ ես կարծում եմ, որ մենք մշտապես պետք է զգոն լինենք և պետք է իմանանք, որ մեր գործողությունները մանրադիտակի տակ զննվում են: Հետևաբար, պետք է ամեն ջանք ներդնենք, որպեսզի լավագույն արդյունք ցույց տանք, թեպետ անհնար է այնպիսի գործողություն անել, որը կբավարարի բոլորին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Սակայն նախարարը վստահեցրեց, թե թյուր է այն կարծիքը, որ ինքն անհարգալից է Ազգային ժողով ինստիտուտի նկատմամբ։

«Ձևակերպման հետ, թե վերաբերմունքն ԱԺ ինստիտուտի կամ որևէ խմբակցության նկատմամբ անհարգալից է, չեմ կարող համաձայնել։ Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ԱԺ ինստիտուտն արժանի է հարգալից վերաբերմունքի։ Անկախ նրանից, թե ինչպես է ընկալվել իմ պատասխանը, չէի ցանկանա, որ տպավորություն լիներ, թե ոչ հարգալից վերաբերմունք է եղել»,- ընդգծեց նախարարը։

Ջանջուղազյանի խոսքով՝ այլ հարց է, որ իր պատասխանները չեն արդարացրել հարցապնդման հեղինակների հույսերը։

SHARE