Գլխավոր Հասարակություն Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» հեղինակավոր գործակալությունը Երևանին առաջին անգամ շնորհել է վարկանիշ

Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» հեղինակավոր գործակալությունը Երևանին առաջին անգամ շնորհել է վարկանիշ

Միջազգային «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) գործակալությունը հանրային ֆինանսների բնագավառում Երևանին շնորհել է B+/կայուն վարկանիշ (պաշտոնական հղում՝ https://www.fitchratings.com/site/search?content=research&request=yerevan): Նման վարկանիշի առկայությունը միջազգային խոշոր ներդնողների կողմից Երևանում ուղղակի ներդրումներ կատարելու որոշումներ ընդունելիս կարող է կարևորագույն խթանիչ գործոն հանդիսանալ։

Այն կարևոր է նաև Երևանի ներդրումային միջավայրի հետագա զարգացման համատեքստում՝ որպես մայրաքաղաքի համբավի բարձրացման հստակ չափորոշիչ և յուրօրինակ ուղերձ` միտված ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ներդրողներին և վարկատու կազմակերպություններին։

Աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից շնորհված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների և գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ և հիմնավոր։

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) ամերիկյան կորպորացիան համարվում է աշխարհի երեք առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը, որը համաշխարհային ներդրումային շուկաներին տրամադրում է աշխարհի տարբեր երկրների կամ քաղաքների տնտեսության ռիսկերի և առկա ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն:

Միջազգային գործակալության կողմից վարկանիշի շնորհման արդյունքում Երևանն այսուհետ ներգրավված կլինի աշխարհի քաղաքների ֆինանսական քարտեզում, իսկ մայրաքաղաքի ֆինանսատնտեսական ցուցանիշների դինամիկան և ռիսկերի կանխատեսումը կգտնվի միջազգային հեղինակավոր կազմակերպություն մշտադիտարկման տիրույթում:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը և «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երևան քաղաքի հանրային ֆինանսական բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

SHARE