1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ԱԱԾ

1 տոննա կոկաինի գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն: Հաղորդագրությունում ասվում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել նաև հանցավոր խմբի անդամներ, «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ Մ.Պ-ի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, Մ.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և վարութային գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։

Լրահոս