Ֆրանսիան միջնորդ է, ակտիվ է և չի սահմանափակվում միայն հայտարարություններով. Յաել Բրաուն-Պիվե

Ֆրանսիան միջնորդի դեր է խաղում այս հակամարտությունում, Ֆրանսիան ծայրահեղ ակտիվ է, երկու անգամ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հարցը քննարկելու համար, Պրահայում հանդիպման նախաձեռնողն է եղել, մի շարք նախաձեռնություններ է իրականացնում, որպեսզի ԵՄ-ն եւս մեծ դեր խաղա այս  հակամարտությունում: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ անդրադառնալով հարցին, թե էլ ինչ պետք է անի ալիեւը, որպեսզի Արեւմուտքը, Ֆրանսիան հստակ գործողությունների դիմեն, մասնավորապես, պատժամիջոցների: «Ֆրանսիան ակտիվ է, չի սահմանափակվում միայն հայտարարություններով: Կարծում եմ՝ սա ճիշտ ճանապարհ է: Ակտիվ միջնորդության եւ աներկբա աջակցության ճանապարհը, որն արտահայտվում է նաեւ այսօր իմ ներկայությամբ Հայաստանում»,-ասաց նա: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հավելեց. «Հայաստանը Ֆրանսիայի գործողություններից ավելի քան գոհ ու շնորհակալ է»: Հարցին, թե եթե այնուամենայնիվ, Ալիեւը գնա ռազմական գործողությունների, արդյոք Ֆրանսիան միջնորդից կվերածվի Հայաստանին աջակցող կողմի, Յաել Բրաուն-Պիվեն արձագանքեց. «Ես չեմ պատասխանում հարցերի, որոնք ենթադրական են: Այսօր առկա փաստերի հետ կապված բավական բան կա անելու, անիմաստ է հիպոթետիկ իրավիճակներ պատկերացնել»:

Լրահոս