Ֆիլիպիններում ավստրալացի մանկապիղծը դատապարտվել է 129 տարվա բանտարկության

Ֆիլիպիններում ավստրալացին դատապարտվել է 129 տարվա ազատազրկման 18 ամսական երեխաների հանդեպ սեռական բռնության գործով, տեղեկացրել է AFP-ն։ Սա Փիտեր Ջերարդ Սքալիի երկրորդ դատավճիռն էր, որն արդեն ցմահ բանտարկված էր երեխաների բռնաբարության, վաճառքի եւ խարդախության մեղադրանքներով։ Փորձագետները նախազգուշացրել են, որ Ֆիլիպինները երեխաների սեռական շահագործման գլոբալ կետ է դարձել, ինչին նպաստում են աղքատությունը, անգլերենին ազատ տիրապետելը եւ երկրում ինտերնետին միանալու բարձր արագությունը։ «Ես հույս ունեմ, որ սա համոզիչ ազդանշան կծառայի բոլոր բռնարարներին, մարդկանց վաճառքով զբաղվողներին»,- AFP-ին ասել է Կագայան դե Օրո հարավային քաղաքի շրջանային դատախազ Մերլին Բարոլա-Ույը։ Սքալիի ընկերուհին՝ Լավլի Մարգալոն, դատապարտվել է 126 տարվա բանտարկության։ Եվս երկու մարդ դատապարտվել է ավելի քան ինը տարվա բանտարկության։ Զոհերի մեջ էին 18-ամսյա մի աղջիկ եւ մի երեխա, որի մարմինը թաղել էին Սքալիի վարձակալած տան հատակի տակ։ Սքալին ձերբակալվել է 2015թ. Մալայբալայում (քաղաք Ֆիլիպինների հարավում), 2011թ. Ավստրալիայից փախուստից հետո։ Նա փորձում էր Ֆիլիպիններում խուսափել իր երկրում կատարած խարդախության մեղադրանքներից։ Այնուհետեւ նա կազմակերպել էր կիբեռսեքս-բիզնես՝ աղքատ ընտանիքների դեռահաս աղջիկներին նկարահանելով սեքսով զբաղվելու ժամանակ։ Տեսանյութերը վաճառվել են Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում։ Սքալին եւ նրա ընկերուհին իրենց յոթ զոհերին ենթարկել են «ծայրահեղ դաժան վերաբերմունքի»։

Լրահոս