Օրենքով գողին սպանողն ինքն էլ գողի տիտղոս է ստացել. նրա դեմ նոր քրեական գործ է հարուցվել

210.1 հոդվածով («Բարձր դիրքի զբաղեցում հանցավոր հիերարխիայում») քրեական գործ է հարուցվել 40-ամյա տղամարդու դեմ, որն արդեն բանտարկված է տասնամյա վաղեմության սպանության համար, տեղեկացրել է Ռուսաստանի Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչությունը։ «Գործը հարուցվել է պատիժը կրող դատապարտյալի դեմ։ Նրան ներկայացվելու է մեղադրանք Վորոնեժի մարզից Մոսկվա տեղափոխվելուց հետո»,- նշել է Մոսկվայի Քննչական կոմիտեի Գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, տեղեկացրել է Moslenta-ն։ Քննության տվյալներով՝ «օրենքով գող» կոչումը դատապարտյալը ստացել էր Մոսկվա քաղաքի Պրեսնենսկի վալ փողոցի մոտ տասնամյա վաղեմության սպանությունից հետո։ Նա դրա համար դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման։ «Ինչպես «Մոսլենտա»-ին տեղեկացրել է տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրը, քրեական գործը հարուցվել է ծագումով ադրբեջանցի Հաջիբաբա Թալիբխանլիի (Հաջի Բեյլագանսկի) դեմ։ 2012թ. ապրիլի 12-ին նա կրակ էր բացել Toyota Land Cruiser-ի դեմ, որի ղեկին օրենքով գող Իլղար Ջաբրայիլովն էր։ Քրեական հեղինակությունը մահացել էր տեղում, նրա կողքին գտնվող կինը ծանր վիրավորվել էր։ Կատարվածը օրենքով գողեր Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան, սպանվել է 2013թ. հունվարի 16-ին Մոսկվայում) եւ Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանցի, սպանվել է 2016թ. օգոստոսի 18-ն Ստամբուլում) խմբավորումների պատերազմի փուլերից մեկն էր՝ մայրաքաղաքի բանջարեղենի շուկաներում ազդեցության ոլորտների բաժանման համար։ Ջաբրայիլովը վերահսկում էր դրանք Ուսոյանի անունից։ «Նայողին» վերացնելու համար էլ Հաջի Բեյլագանսկին ստացել է «գողական թագ», տեղեկացրել է աղբյուրը։ Ավելի վաղ իր քրեական կարգավիճակի համար Մերձմոսկվայում 12 տարվա ազատազրկման էր ենթարկվել օրենքով գող Գեորգի Կիպիանին, նույն ինքը՝ Դավիթ Պանչվիձեն, Պանչո մականվամբ։

Լրահոս