Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու եւ ներգրավելու դեպքի նախաքննությունը՝ խմբավորման 4 անդամների մասով, ավարտվել է։ , Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.- եւ Ա. Մ-ն 2021թ. դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1.500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ եւ շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար։ Է.Ջ-ի ցուցումով Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարը ծախսել իր սեփական կարիքների համար: Բացի այդ, 2021թ. նոյեմբերին Ստեփանավան քաղաքի բնակիչը գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական տղա», փորձել է հարցին լուծում տալ: Այն բանից հետո, երբ Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ի հեղինակությունը չի ճանաչում Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն, Վ.Մ.-ն, Ա.Մ.-ն եւ այլ անձինք հանդիպել են նրան, ծեծի ենթարկել հնչեցրած տեսակետի համար, որից հետո Է.Ջ-ն լուծել է վեճը: Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին եւ Կ.Ղ-ին։ Վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից: Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաեւ տարբեր անձանց միջեւ ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ՝ հետեւելով, որ վերջիններս պահպանեն իրենց հասկացությամբ ճիշտ ապրելակերպի կանոնները: 2022թ. փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետեւ Ա.Ն.-ն եւ Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց եւ քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է։ Պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վերոնշյալ 4 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը բավարարվել է եւ անձանց ներկայացվել է մեղադրանք։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Հիշյալ 4 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Քննիչի միջնորդության հիման վրա հանցախմբի պարագլուխ՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Է.Ջ.-ի նկատմամբ եւս հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում։ Է.Ջ.-ն հայտնաբերվել է Իսպանիայի Թագավորությունում եւ ձերբակալվել։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ ՀՀ նրա տեղափոխումը կազմակերպելու նպատակով։

Լրահոս