ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը «5-րդ» ալիքին կփոխհատուցի 300 հազար դրամ ու ներողություն կխնդրի

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ներողություն կխնդրի «5-րդ ալիք»-ից՝ հեռուստատեսության անունն ու բարի համբավը արատավորելու համար։ «06․10․2020թ․ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում։ 23.10.2020թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի` վիրավորանք համարվող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։ Դատարանը (դատավոր` Դանիել Մխեյանի նախագահությամբ) քննել է գործը և 24․05․2021թ․ վճռով մերժել է հայցը։ 07․07․2021թ․ «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացուցիչները վերաքննության կարգով բողոքարկել են վճիռը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18․10․2021թ․ որոշմամբ բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության։ Գործը վերստին քննվել է առաջին ատյանի դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, ինչի արդյունքում Դատարանը 04․08․2022թ․ վճռով հայցը բավարարել է մասնակի։ Սույն վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան Արթուր Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, և վերաքննիչ դատարանը 21․12․2022թ․ որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է։ Պատասխանողի ներկայացուցչը բողոքարկել է այդ որոշումը Վճռաբեկ դատարանը, սակայն վերջինս 03․05․2023թ․ որոշմամբ մերժել է բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Այսպիսով, դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» համարել որպես Հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում: Պարտավորեցնել Պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ. «Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, ով հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» վիրավորական գրառումը հրապարակելու համար:» Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս