Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի». ընդդիմադիրը՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին

Պրահայի համաձայնագրերի հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարգավորում Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ անկախության հանրաքվեն այնտեղ տեղի է ունեցել դեռեւս դրա ընդունումից առաջ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։ Ըստ ընդդիմադիրի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս ուղղությամբ կարելի է բնութագրել որպես անհեթեթություն։ Նա հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային գործընթացն ընթանում է երկու հարթակներում։ Ընդ որում, դրանցից մեկում Լեռնային Ղարաբաղի հարցը չի քննարկվում։ «Պրահայի համաձայնագրերը հիմնված են Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը Ադրբեջանը բանակցությունների ընթացքում վերջին 30 տարիներին երբեք առաջ չի քաշել։ Այս թեզը առաջ են քաշել Հայաստանի իշխանությունները։ Սակայն նույնիսկ այս դեպքում պետք է հիշել, որ Հայաստանը վերապահումով է միացել հռչակագրին. Այնտեղ առանձին նշված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին կետը։ Բացի այդ, հռչակագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, քանի որ այնտեղ դրանից 20 օր առաջ հանրաքվե էր անցկացվել։ Երկրորդ տարբերակում կա հիշատակում։ Կա նաեւ ինքնորոշման հնարավորություն։ Այո, գուցե տարիներ անց: Ես հիմա խոսում եմ ռուսական առաջարկի մասին։ Թիվ մեկ աբսուրդն այն է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է երկու տարբերակներին համաձայնելու պատրաստակամության մասին»,- ասաց Մամիջանյանը։ Պատգամավորի համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է համաձայնել երկու փաստաթղթերին բոլորովին հակառակ մոտեցումների առկայության դեպքում։ «Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի»,- նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։

Լրահոս